Մնացականյանը հանդիպել է Լավրովին

10-10-2019 17:57

Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանը եւ Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 10-ին Աշգաբադում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Մենք այսօր լավ հնարավորություն ունենք Աշգաբադում ԱՊՀ ԱԳՆԽ-ի շրջանակում անցկացնել երկկողմ հանդիպում եւ տեսնել, թե ինչպես ենք մենք կատարում մեր ղեկավարների՝ ՌԴ նախագահի եւ Հայաստանի վարչապետի պայմանավորվածությունները»,-ասել է Լավրովը հանդիպման սկզբում: Նրա խոսքով՝ երկրների միջեւ շատ ինտենսիվ երկխոսություն է ընթանում թե՛ առաջին դեմքերի, թե՛ արտաքին գործերի նախարարների, թե՛ արտաքին քաղաքական գերատեսչությունների աշխատակիցների մակարդակով՝ չխոսելով արդեն շատ ինտենսիվ տնտեսական փոխգործակցության մասին: «Այնպես որ մենք այսօր կկարողանանք պարզել՝ էլի ինչ է անհրաժեշտ անել, որպեսզի ամեն ինչ ընթանա առանց որեւէ խափանման»,-նշել Է Լավրովը: «Անշուշտ, սա շատ լավ հնարավորություն Է՝ քննարկելու մեր գործակցությունը միջազգային կազմակերպություններում՝ ԵԱՀԿ-ում, Եվրախորհրդում, ՄԱԿ-ում եւ, իհարկե, հետխորհրդային տարածքի ինտեգրացիոն միավորումներում»,-հավելել է ՌԴ ԱԳ նախարարը: Իր հերթին Զոհրաբ Մնացականյանը նույնպես նշել է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ փոխգործակցության մեծ ինտենսիվությունը: Նրա խոսքով՝ երկու երկրների միջեւ «կարծիքների դրական փոխանակում է ընթանում միջազգային օրակարգի, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների բոլոր հարցերի շուրջ»:

Lragir.am,
10-10-2019 17:57