Տեղի է ունեցել «Հայաստանի փոքրիկ երգիչների» համերգային շրջագայությունը Լիտվայում և Գերմանիայում

10-10-2019 18:26

Սույն թվականի սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 2-ը տեղի է ունեցել Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի՝ Կոմիտաս Վարդապետի 150-ամյա հոբելյանին նվիրված համերգային շրջագայությունը Լիտվայում և Գերմանիայում: Հայ երգի փոքրիկ դեսպանները փայլուն ելույթներով հանդես են եկել Լիտվայում Տրակայի կղզու 700-ամյա ամրոցում, Կաունասի ս. Ֆրանցիսկի տաճարում, Մալետայի Մշակույթի տանը: Սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության տոնի առիթով համերգով հանդես են եկել համերգով Վիլնյուսի Սբ. Կատարինա եկեղեցում: Լիտվայում ՀՀ դեսպանության հրավերով միջոցառմանը ներկա են եղել տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներ, Լիտվայի փոխարտգործնախարարը, բարձրաստիճան պետական այրեր, մշակույթի գործիչներ: Համերգի բացումն ազդարարվել է Լիտվայի և Հայաստանի պետական հիմների կատարումով, իսկ ավարտը՝ Է. Հովհաննիսյանի «Էրեբունի-Երևանով»` «Հայաստանի փոքրիկ երգիչների», լիտվական հայտնի «Աժոլուկաս» և «Ուգնելե» երգչախմբերի միացյալ կատարմամբ: Համատեղ համերգներն անցկացվեցին Կոմիտաս փառատոնի շրջանակներում: Համերգի ավարտին Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը խոսել է իր տպավորությունների մասին. «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը ոտքի կանգնեցրեց ամբողջ Լիտվան: Տպավորությունը ցնցող էր: Հանդիսատեսը շունչը պահած ունկնդրեց ձեզ: Շատ ուրախ եմ , որ ձեզ հետ միասին ներկայացնում եմ մեկ երկիր՝ Հայաստանի Հանրապետությունը: Հրաշալի է, որ համերգը տեղի ունեցավ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրը, քանի որ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը ներկայացնում է անկախության սերունդը: Երգչախումբը նոր Հայաստանի մշակութային ամենամեծ բրենդերից մեկն է: Մեծ հպարտություն և մեծ պատիվ է ցանկացած դեսպանի համար ձեզ հետ համատեղ որևէ միջոցառում կազմակերպելը»: Տիգրան Հեքեքյանը, «Լիտվայի խմբավարների ասոցիացիայի» խնդրանքով, նաև հետաքրքիր և ուսանելի վարպետաց դաս է վարել Լիտվայից և շրջակայքից ժամանած խմբավարների համար: Ինչպես փաստել է միջոցառման նախաձեռնող՝ «Ուգնելե»-ի ղեկավար Վալերիա Սկապիենեն, նման միջոցառումներին սովորաբար մասնակցելու հայտ են ներկայացնում ամենաշատը 30-40 երաժիշտ, իսկ այս անգամ հայտերի թիվն անցել է հարյուրը: Գերմանիայում համերգների մեկնարկը տրվել է Բեռլինի Կոնցերտհաուս հեղինակավոր դահլիճում ելույթով: Այս համերգը, կազմակերպված լինելով Գերմանիայում ՀՀ դեսպանատանի կողմից, ևս նվիրված է եղել ՀՀ Անկախության տոնին: Երեկոյի բացման խոսք է ասել Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, այնուհետև հայ-գերմանական բարեկամական կապերի մասին ճառով հանդես է եկել ԳԴՀ ԱԳՆ պետնախարար Միխայել Ռոթը: «Հայաստանի փոքրիկ երգիչների» կատարմամբ Կոմիտասի գոհարները, գերմանալեզու դասական նմուշները, ժամանակակից կոմպոզիտորների բարդ ստեղծագործություններն ըստ արժանվույն են գնահատվել ունկնդրի կողմից: Երեկոյին ներկա ԳԴՀ ԱԳՆ արտաքին մշակութային քաղաքականության գծով հանձնակատար Իրմգարդ Մարիա Ֆելլները նշել է, որ այդ երեկո դահլիճում ներկա բարձրաստիճան պաշտոնյաները կարող են առանցքային դերակատարում ունենալ հայ-գերմանական հարաբերություններում, նաև ավելացրել, որ վերոհիշյալ պետական այրերի՝ հայ երգչախմբին ցույց տված ընդունելությունն ու ոտնկայս ծափերը, որով նրանք արձագանքել են «Հայաստանի փոքրիկ երգիչների» կատարումներին, արտակարգ էին և աննախադեպ: Սեպտեմբերի 25-ին «Հայաստանի փոքրիկ երգիչները» ժամանել են Լայպցիգ, որտեղ հայ երեխաներին հյուրընկալում էր Գևանդհաուսի մանկական երգչախումբը: Սեպտեմբերի 29-ին Տիգրան Հեքեքյանի երգչախումբը հանդես է եկել իր` այս շրջագայության առանցքային համերգով, Լայպցիգի աշխարհահռչակ՝ Գևանդհաուս Մեծ համերգադահլիճում: /Այս համերգադահլիճն իր անունը ստացել է 18-րդ դարում հիմնադրված, այնուհետև հաջորդ դարում գերմանացի կոմպոզիտոր Ֆելիքս Մենդելսոն- Բարթոլդիի ղեկավարությամբ զարգացում ապրած Գևանդհաուս նվագախմբի անունից, որը հիմա իր 180 անդամներով հանդիսանում է աշխարհի ամենամեծ նվագախումբը: Շենքը կառուցվել է նույն դարում, երեք անգամ քանդվելուց հետո, նորից է կառուցվել: Հիմա հանդիսանում է աշխարհի լավագույն համերգադահլիճներից մեկը:/ «Հայաստանի փոքրիկ երգիչների» համերգը կազմված է եղել Կոմիտասի երկերից, հայ, արտասահմանյան հոգևոր, ժամանակակից, ժողովրդական, դասական բազմաժանր և բարդագույն ստեղծագործություններից, որոնց կատարումներն ունկնդիրն ընդունել է մեծ ոգևորությամբ: Համերգի ընթացքում Տիգրան Հեքեքյանի սաները նաև միացյալ ելույթ են ունեցել Գևանդհաուսի մանկական երգչախմբի հետ՝ կատարելով գերմանական երաժշտություն, Կոմիտասի «Սոնա յար» երգը, իսկ երեկոյի ավարտին՝ Էրեբունի-Երևանը: Զուսպ և կշռադատված գերմանացի ունկնդրի բուռն արձագանքը, չլռող ոտնկայս ծափերն ու ոգևորությունը սպասվածից էլ արտակարգ են եղել՝ հայ երեխաների ամեն մի կատարումից հետո աճող ծափերով և հիացական բացականչություններով: Երգչախմբի համերգային շրջագայությունը եզրափակվել է Հալեի Սբ. Լաուրենտիուս եկեղեցում տեղի ունեցած համերգով:

Lragir.am,
10-10-2019 18:26