«Երևանյան մարաթոն»-ի անցկացմամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 13-ին մի շարք փողոցներ փակ կլինեն

10-10-2019 18:39

Երևանի քաղաքապետարանը «Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամի հետ հոկտեմբերի 13-ին կանցկացնի «Երևանյան մարաթոն» վազքի մրցույթը: Մեկնարկը՝ ժամը 08:00-ին, Ստ. Շահումյանի անվան հրապարակից: Մարաթոնն ունի 5 տարբեր մրցատարածություն: Մասնակցության համար սահմանված է որոշակի վճար. 1կմ վազքուղի (7-12 տարեկան երեխաների համար)- 7000 ՀՀ դրամ 5կմ վազքուղի (13 տարեկան և ավելի բարձր տարիք ունեցողների համար)  – 7000 ՀՀ դրամ 12կմ վազքուղի (16 տարեկան և ավելի բարձր), – 10000 ՀՀ դրամ 21,1կմ (18 տարեկան և ավելի բարձր)  – 13000 ՀՀ դրամ 42,2կմ վազքուղի (18 տարեկան և ավելի բարձր) – 20000 ՀՀ դրամ Մրցույթին կարող են մասնակցել նաև հաշմանդամություն ունեցող անձինք՝ 1 կմ վազքուղով: Վազքի բոլոր մասնակիցները կստանան մեդալ վազքի ավարտից հետո: Բացի անհատական մրցանակներից, սահմանվել է նաև թիմային հինգ մրցանակ: Կազմակերպությունների և դպրոցների համար թիմային գրանցման դեպքում գործում են զեղչեր: Ստեղծվել է անվճար մարզման ակումբ: Վազքուղին չափագրված է Մարաթոնների և վազքի միջազգային միության (AIMS) կողմից և ստացել է միջազգային կարգավիճակ: Մարաթոնի անցկացմամբ պայմանավորված՝ նույն օրը՝ ժամը 07:00-ից մինչև 14:30-ն, մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը: Տրանսպորտային միջոցների համար փակ կլինեն մասնավորապես Հանրապետության և Ստ. Շահումյանի անվան հրապարակները, Վազգեն Սարգսյան փողոցը՝ 07:00-ից, Խորենացի, Նալբանդյան, Վարդանանց, Ալեք Մանուկյան, Իսահակյան, Թամանյան, Մոսկովյան, Սարյան, Լեոյի, Պռոշյան փողոցները՝ ժամը 07:45-ից: Երթևեկության համար նույն ժամից փակ կլինի նաև Հրազդանի կիրճի մինչև Դավթաշենի կամուրջ ընկած հատվածը: Փակ կլինեն Հաղթանակի կամուրջը, Աթենքի փողոցը, Մաշտոցի պողոտա – Գր. Լուսավորիչ խաչմերուկը, Արգիշտի, Բեյրութի, Վ. Սարգսյան փողոցները, Աբովյան փողոցից Պուշկինի փողոցով մինչև Սախարովի հրապարակ, Սախարովի հրապարակից Նալբանդյան փողոցով մինչև Հանրապետության հրապարակ ընկած հատվածները: Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք էլեկտրոնային նամակ ուղարկել [email protected] հասցեով:

Lragir.am,
10-10-2019 18:39