Փաշինյանն ու Ալիեւը Աշխաբադում, աղմկոտ հայտարարությունից հետո

Հոկտեմբերի 10-11-ին Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը մասնակցելու են Թուրքմենստանում կայանալիք ԱՊՀ վեհաժողովին: Հայտնի չէ՝ արդյոք նրան կհանդիպեն, արդյոք Պուտինը կամ էլ «ընդհանուր ընկեր» Ալեքսանդր Լուկաշենկոն կփորձեն եռակողմ ձեւաչափով հանդիպման կազմակերպման առաքելություն իրականացնել: ԱՊՀ վեհաժողովի շրջանակում Փաշինյան-Ալիեւ հանդիպում տեղի է ունեցել անցած տարվա նոյեմբերին եւ ավարտվել սահմանին էսկալացիայի նվազման ու օպերատիվ կապի հաստատման մասին պայմանավորվածությամբ: Աշխաբադում կշարունակվի՞ «վստահության միջոցների ձեւավորման» գործընթացը, Ռուսաստանը կփորձի՞ նորից իր վրա միջնորդի դեր վերցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից դուրս: Թուրքմենստանում վեհաժողովից առաջ Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը հայտնել են իրենց դիրքորոշումները: Նիկոլ Փաշինյանը պնդել է «Արցախը Հայաստան է եւ վերջ» բանաձեւը, Ալիեւը պատասխանել է, որ «Ղարաբաղն Ադրբեջան է ու բացականչական նշան»: Հատկանշական է, սակայն, որ Փաշինյանն իր հայտարարությունն արել է Ստեփանակերտի հրապարակում, իսկ Ալիեւը՝ Սոչիում եւ Բաքվի մերձակայքում՝ հարկադիր տեղահանվածների համար ավանի բացմանը: Ադրբեջանի նախագահը հայտարարել է նաեւ, որ Ղարաբաղի «ազատագրումից» հետո մտադիր է այն «վերակառուցել»: «Ադրբեջանի ղեկավարությունը չի խոսում խաղաղության մեջ ապրելու մասին, խոսում է մեր ավերվածի վրա իրենց նորի կառուցման մասին: Սա նշանակում է, որ ավերվելու են հայկական բոլոր հուշարձանները, ոչնչացվելու են շիրիմները, ջնջվելու են հայերի հետքերը, ինչպես արվել է Բաքվում և ադրբեջանական այլ քաղաքներում: Եվ դրանց տեղում կառուցվել են նոր պալատներ՝ Իլհամ Ալիևի, Մեհրիբան Ալիևայի, նրանց դուստրերի, որդիների, փեսաների և այլոց անուններով», ի պատասխան ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: Փախստականների համար ավանների կառուցումը Բաքվի քաղաքականության մյուս կողմն է, որը վկայում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը համակերպվել է Ղարաբաղի կորստի հետ եւ թեման շարունակում է միայն ելնելով ներքաղաքական նկատառումներից: Ադրբեջանում վաղուց խուլ բողոք կա, եւ Ալիեւին փաստարկներ են պետք: Ավելի վաղ, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր. «Կողմերը հայտարարություններ են անում, բավական լուրջ, այդ թվում՝ հնչել են հայտարարություններ, որ Ղարաբաղը Հայաստան է, ինչպես Տիրանայից Ալբանիայի վարչապետն էր հայտարարում՝ Կոսովոն Ալբանիա է: Դա, իհարկե, չի նպաստում քաղաքական գործընթացի վերականգնման համար մթնոլորտի ստեղծմանը»: ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ի պատասխան Ռուսաստանին կոչ է արել որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ անկանխակալ մնալ եւ խուսափել ընտրողաբար ու միակողմանի գնահատականներից: ԱՄՆ-ն գերադասում է չհայտնել իր դիրքորոշումը: Թրամփի վարչակազմը հեռավորություն է պահում ղարաբաղյան խնդրից, իսկ Կոնգրեսի դեմոկրատներն ակտիվորեն աջակցում են Հայաստանին ու Արցախին: Օրերս Արցախում էին ԱՄՆ երեք կոնգրեսական: Կոնգրեսական Ֆրենկ Փալոունն ասել է, որ խաղաղ կարգավորումը պետք է երաշխավորի ոչ միայն այն, որ Արցախը հայկական է, այլ նաեւ տարածքների հարցը, որոնք պետք է ձեւավորեն անվտանգության գոտին: «Մենք Ստեփանակերտից Սեւան վերադառնալիս անցել ենք մի քանի շրջաններով, որոնք անհրաժեշտ է պահպանել: Արցախն անվտանգության նկատառումներից ելնելով չի կարող այդ տարածքներն Ադրբեջանին տալ: 2016 թվականին Ադրբեջանի ագրեսիայի պատճառով լարվածությունը պահպանվում է: Չեմ կարծում, որ հիմա հնարավոր է խաղաղ կարգավորում: ԱՄՆ-ն կարող է աջակցել վստահության ամրապնդմանը, իսկ սահմանին որոշ ծրագրերի իրագործումը կարող է թուլացնել լարվածությունը», – ասել է կոնգրեսականը:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
10-10-2019 19:38