Հանդիպում Շանհայի համագործակցության կազմակերպության պատվիրակության հետ

10-10-2019 20:32

Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության Հակաահաբեկչական տարածաշրջանային կառույցի գործադիր կոմիտեի (ՇՀԿ ՀՏԿ ԳԿ) տնօրեն Ջումախոն Գիյոսովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման մեկնարկին քարտուղար Գրիգորյանը ողջունել է ՇՀԿ ՀՏԿ գործադիր կոմիտեի պատվիրակությանը Հայաստանում և նշել, որ Հայաստանը հետաքրքրված է կապերի խորացման առկա հնարավորություններով: Միաժամանակ ԱԽ քարտուղարը հյուրերի ուշադրությունը հրավիրեց տարածաշրջանային իրավիճակի կտրուկ սրման վրա, որը Թուրքիայի ԶՈՒ-ի կողմից Սիրիայի Հանրապետության տարածք ներխուժելու հետևանք է: Հայաստանը վճռականորեն դեմ է արտահայտվում նման գործողություններին և կոչ է անում միջազգային հանրությանը գործուն քայլեր ձեռնարկել: Քարտուղար Գրիգորյանը հատուկ կարևորեց ահաբեկչության դեմ պայքարի գործում միջազգային համագործակցության դերն ու նշանակությունը, ինչպես նաև ՇՀԿ ՀՏԿ գործունեության կարևորությունն այս համատեքստում: Քարտուղարը մասնավորապես նշեց. «ՀՀ-ն հաստատակամորեն մերժում է ահաբեկչությունն իր բոլոր տեսակներով և դրսևորումներով՝ անկախ դրա հիմքում ընկած պատճառներից, շարժառիթներից ու նպատակներից: Ահաբեկչական գործունեությունը չպետք է շաղկապվի և նույնականացվի որևէ կոնկրետ քաղաքակրթության, կրոնի կամ էթնիկ խմբի հետ»: Պարոն Գիյոսովը իր հերթին ներկայացրեց իր պատվիրակության նպատակները, Հայաստանի և ՇՀԿ հարաբերությունների ներկայիս մակարդակն ու օրակարգը և նախապատրաստվող միջոցառումները:

Lragir.am,
10-10-2019 20:32