Արման Թաթոյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարին

10-10-2019 21:22

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին: Արման Թաթոյանը շնորհավորել է դեսպանին կարևոր առաքելություն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք: Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանության համակարգում կոռուպցիայի դեմ պայքարին, դատաիրավական բարեփոխումներին, ինչպես նաև կանանց և երեխաների իրավունքներին առնչվող հարցեր: Ընդգծվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը հատկապես վիրավորանքի, անհանդուրժողականության ու ատելության խոսքի բացառման գործում, կարևորվել է առանձին ոլորտներում իրականացվող իրազեկման աշխատանքները: ԵՄ պատվիրակության ղեկավարը կարևորել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը երկրում մարդու իրավունքների պաշտպանության և ամրապնդման հարցում: Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ աշխատանքը և տեղեկացրել է, որ Հայաստանում Եվրոպայի միության հետ ունեն հաջողված համագործակցություն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել համատեղ աշխատանքի ուղղությունները: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժին

Lragir.am,
10-10-2019 21:22