Վիտալի Բալասանյանն արդեն իրեն դուրս է դրել քաղաքական դաշտից

Մեր զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը Պարոն Սաֆարյան, Վիտալի Բալասանյանը սպառնալիքներ տեղաց Հայաստանի իշխանությունների, մասնավորապես Նիկոլ Փաշիյանի հասցեին: Ինչպե՞ս եք գնահատում: Ինձ մտահոգում է այն, որ Արցախի նախագահական ընտրությունների մոտենալուն զուգընթաց ոչ քաղաքական թեժացում է նկատվում: Ընդ որում՝ հավակնորդներից մեկը՝ Վիտալի Բալասանյանը արդեն բացարձակ իրեն դուրս է դրել քաղաքական դաշտից և անում է հայտարարություններ, որոնք աղերսներ կարող են ունենալ քրեական օրենսգրքի հետ: Այս կտրվածքով, քանի որ Արցախի քաղաքական համակարգն ի սկզբանե որոշ չափով տարբերվել է Հայաստանի ներքաղաքական համակարգից, չեմ ուզում պատկերացնել, թե ինչ զարգացումներ կլինեն, եթե այս ուժային ռազմավարությունները, կոշտ և սպառնալիքներ պարունակող հայտարարությունները շարունակվեն: Թերևս այստեղ էական է դառնում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Հայաստանը պետք է հանդես գա որպես Արցախում ժողովրդավարական ընտրությունների երաշխավոր: Սա պարտադիր գործառույթ է, որ Հայաստանը պետք է կատարի: Հենց այս պահից սկսած, երբ անթույլատրելի հայտարարություններ են հնչում հավակնորդներից մեկի շուրթերից, Հայաստանը պետք է եղանակներ գտնի կարգի հրավիրելու, որովհետև այսպիսի մթնոլորտում ընտրություններ չեն կարող լինել: Ըստ էության, Բալասանյանի հայտարարությունը նաև անձնական վիրավորանքներ է պարունակում ՀՀ վարչապետի հասցեին: Մասնավորապես, Բալասանյանը հայտարարել է, որ Փաշինյանն ու այդ ահաբեկչական խմբավորումը («Սասնա ծռերը») մեկ ամբողջություն են՝ մեկը զենքով, մյուսը՝ գրիչով: Նախկինում Արցախի ինքնիշխանությունը հարգել պահանջող մարդը՝ Վիտալի Բալասանյանը, այժմ ակնհայտորեն անհարգալից է վերաբերվում Հայաստանի հասարակության ընտրության և ձևավորած օրինական իշխանությանը: Ակնհայտորեն, հիմա հենց պարոն Բալասանյանն է տեղափոխվել ահաբեկչության դաշտ: Այն, ինչ հիմա անում է նա, ահաբեկչության սպառնալիք է: Հետևաբար, նման մարդն իրավունք չունի «Սասնա ծռերին» գնահատական տալու՝ անկախ նրանից, թե մենք դեմ եղել ենք, թե չենք եղել այդ խմբի ծավալած գործունեությանը: Տվյալ պարագայում, ակնհայտորեն, մեղադրելով այլոց ահաբեկչության մեջ, Վիտալի Բալասանյանը ինքը անում է ահաբեկչական հայտարարություններ, սպառնում է ահաբեկչական գործողություններով, որոնք քրեորեն պատժելի են և պետք է կանխվեն: Պաշտոնական Երևանը և պաշտոնական Ստեփանակերտը պե՞տք է պատասխանեն Վիտալի Բալասանյանի հայտարարություններին: Միանշանակ, և ըստ էության, այդ պատասխանը պետք է տրվի իրավապահ մարմինների հարթության վրա: Դա քաղաքական հայտարարություն չէ, ահաբեկչական հայտարարություն է, ահաբեկչության, հաշվեհարդարի սպառնալիք է: Դա օրինական իշխանությունը տապալելու սպառնալիք է և քրեորեն պատժելի: Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայլիյանը հայտարարեց, որ դնելու է իր թեկնածությունը Արցախի նախագահի ընտրությանը: Ինչպե՞ս եք գնահատում: Դժվար թե Հայաստանում և Արցախում գտնվի մեկը, որը Մասիս Մայիլյանի պետական, քաղաքական գործչի փորձառությունը, ինտելեկտը, հասունությունը, կրթվածությունը, ազնվությունն ու շիտակությունը կասկածի տակ դնի: Ես, ի տարբերություն Վիտալի Բալասանյանի, հարգում եմ Արցախի ժողովրդի ընտրության իրավունքը և, իհարկե, նրանք են ընտրելու, թե ով է իրենց ներկայացնելու բանակցություններում և իրենց տեղական կյանքի կազմակերպման գործում, բայց ես կարծում եմ, որ Մայիլյանն այս պահի դրությամբ լավագույն թեկնածուներից մեկն է, եթե չասեմ լավագույնը: Նրա՝ Արցախի նախագահ լինելու դեպքում ֆանտաստիկ, փառահեղ տանդեմ կարող է լինել Հայաստանի իշխանությունների հետ՝ Արցախի միջազգային ճանաչման, Արցախի խնդրի լուծման և Հայաստանի հետ վերամիավորման գործընթացներում: Հայաստանի իշխանությունները պե՞տք է աջակցեն նրան՝ հաշվի առնելով, որ ՀՀ իշխանությունները միշտ հայտարարել են, որ չեն միջամտում Արցախի ներքաղաքական կյանքին: Կարծում եմ՝ ՀՀ իշխանությունը իրենց նախկինում արած հայտարարություններին հակասող ոչ հայտարարություն կանի, ոչ էլ գործողության կդիմի, որովհետև հենց Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանը սահմանել է իր դերը: Դա ընտրությունների անցկացման երաշխավորի դերն է, իսկ դա նշանակում է՝ չսատարել և կողմ չարտահայտվել որևէ թեկնածուի: Բայց այն, որ Մասիս Մայիլյանը լավագույն զույգը կարող է լինել ՀՀ իշխանությունների հետ, Արցախը ոտքի կանգնեցնելու, ավելի ժողովրդավար դարձնելու և աշխարհին լսելի դարձնելու առումով, դա միանշանակ է: Ես չգիտեմ, թե իշխանություններն ինչպես են նայում այս թեկնածությանը, բայց կրկնեմ, որ չեմ կարծում, որ Հայաստանում լինի որևէ մեկը, այդ թվում իշխանության մեջ, որը բացասական գնահատական տա Մասիս Մայիլյանի քաղաքական, պետական և այլ կենսագրությանը, ինչպես նաև նրան մեղադրի նախկինում կատարած ինչ-ինչ չարաշահումների, խարդախությունների, հանցագործությունների մեջ: Մասիս Մայիլյանն այս առումով իդեալական, անխոցելի թեկնածու է, կոմպրոմատների ոչ ենթակա և փառահեղ զուգընկեր Հայաստանի իշխանությունների համար միջազգային քաղաքականության մեջ:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
10-10-2019 22:00