Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը ՀՌՀ-ի ուսանողներին ներկայացրել է իր հաջողության պատմությունը

10-10-2019 22:17

Հայ-Ռուսական համալսարանի Ֆադեյ Սարգսյանի անվան լսարանում հոկտեմբերի 10-ին՝ ՀՌՀ-ի Մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտի Կրեատիվ ինդուստրիաների ամբիոնի հրավերով աշխարհահռչակ թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը ուսանողներին ներկայացրել է իր հաջողության պատմությունը: Ներկայացնելով իր անցած ուղին՝ Նարեկ Հախնազարյանը նշել է, որ իր կյանքի տարբեր փուլերում զանազան դժվարություններն հանդիսացել են լրացուցիչ շարժառիթ, ինչպես նաև սովորեցրել են արժևորել ու ճիշտ գնահատել ունեցածը: «Մենք՝ հայերս, մի վատ բնավորության գիծ ունենք, երբ մեր սեփական արտադրանքից սկսած վերջացած այլ բաներով համարում ենք ամենավատը: Մինչդեռ ես, ապրելով բազմաթիվ երկրներում, հասկացել եմ, որ, օրինակ, մեր շոկոկադը ոչնչով չի զիջում այլ երկրների արտադրանքներին»,- շեշտել է նա՝ հավելելով, որ սեփական ձեռքբերումների նկատմամբ օբյեկտիվ գնահատականը օգնում է յուրաքանչյուրիս կատարելագործվել և լավացնել սեփական հմտությունները ցանկացած ոլորտում: Նա պատմել է, որ ֆուտբոլի հանդեպ սերն է իր համար «ճանապարհ հարթել» դեպի արվեստ: «Երբեք չհավատաք այն ծնողներին, որոնք պատմում են, թե ինչպես են իրենց երեխաները փոքրուց սիրել գնալ երաժշտական ուսումնարան: Ես էլ վեց տարեկանում սկսել էի սովորել գամմաները, բայց դա այնժամանակ դա ինձ համար այնքան տաղտկալի զբաղմունք էր, որ ես թերանում էի և քիչ էի պարապում: Հայրս գտավ ելք․ նա ասաց, որ եթե ես օրական մի քանի ժամ նվագեմ, ինձ թույլ կտա տղաների հետ ֆուտբոլ խաղալ բակում»,- ասել է Հախնազարյանը՝ շեշտելով, որ շատ շնորհակալ է ծնողներին, որոնք 2000թ․-ին զոհաբերեցին շատ բաներ և իր հետ միասին տեղափոխվեցին Մոսկվա, որտեղ նա շարունակեց իր երաժշտական կրթությունը: Անդրադառնալով մրցույթներում իր մասնակցությանը՝ նա հիշել է, թե ինչպես էին իրեն՝ սուբյեկտիվ գործոններից ելնելով, հաճախ զրկում մրցանակային տեղերից: «Երբ 2003թ․-ին Չինաստանում՝ Չայկովսկու անվան մրցույթին, լինելով  հաղթողի իրական հավակնորդ, գրավեցի չորրորդ տեղը ես ու մայրս որոշեցինք պարզաբանել իրավիճակը: Ժյուրիի անդամներից մեկը մեզ հետ զրույցում պատճառաբանեց, որ «ուղղակի համակարգիչն է սխալ հաշվել որոշ միավորներ»: Նույն իրավիճակը կրկնվեց 2007-ին, և ես ինքս ինձ խոստացա այլևս չմասնակցել այդ մրցույթին: Սակայն, 2011թ․-ին Չայկովսկու անվան մրցույթը գլխավորեց Վալերի Գերգիևը, որն ամբողջությամբ «մաքրեց» մրցույթը ոչ պրոֆեսիոնալ տարրերից և ժյուրիի կազմը համալրեց  աշխարհահռչակ բարձրակարգ երաժիշտներով: Տեսնելով այդ դրական փոփոխությունները՝ ես ինձ չէի ների, եթե չմասնակցեի այդ մրցույթին»,- ընդգծել է Նարեկ Հախնազարյանը՝ հավելելով, որ 2011թ․-ի Չայկովսկու անվան միջազգային երաժշտական մրցույթում հաղթանակն իրեն հնարավորություն տվեց հանդես գալ աշխարհի հայտնի բեմերում: Խոսելով ամենահիշարժան ելույթի մասին՝ նա հայտնել է, որ այդպիսիք շատ են եղել: «Ինձ համար մեծ երազանք էր հանդես գալ հանրահայտ «Քարնեգի Հոլլում» և արդեն երկու անգամ հանդես եմ եկել այդ անվանի համերգասրահում: Այժմ իմ առջև նպատակ եմ դրել ամեն տարի հանդես գալ այդտեղ (Նյու Յորքում գտնվող Քարնեգի հոլլն աշխարհի ամենահայտնի համերգային սրահներից մեկն է: Այդ համերգասրահում հանդես են եկել բազմաթիվ հեղինակավոր երաժիշտներ)»: Նա նաև տեղեկացրել է, որ նոյեմբերի վերջին Երևանում ելույթով հանդես կգա իր հոր՝ ջութակահար Սուրեն Հախնազարյանի 70-ամյակին: Հանդիպման ավարտին Նարեկ Հախնազարյանը պատասխանել է ուսանողների հարցերին: Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը ծնվել է 1988թ․-ին Երևանում, երաժիշտների ընտանիքում: Սովորել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում` Զարեհ Սարգսյանի դասարանում, ապա Մոսկվայի կոնսերվատորիայում: Համագործակցել և համագործակցում է բազմաթիվ անվանի նվագախմբերի և դիրիժորների հետ: Համերգներով հանդես է գալիս տարբեր երկրներում: 2012-13թթ.-ի համերգաշրջանում Հախնազարյանն առաջին անգամ ելույթ է ունեցել Rotterdam Philharmonic-ի, London Philharmonic-ի, BBC Scottish Symphony Orchestra-ի, Filarmonica della Scala-ի և բազմաթիվ այլ հեղիանակավոր նվագախմբերի հետ: Washington Post-ը նրան բնորոշել է որպես «ֆենոմենալ թավջութակահար, ով ներխուժել է միջազգային ասպարեզ՝ 2011թ.-ին նվաճելով Չայկովսկու անվան մրցույթի առաջին մրցանակը և ոսկե մեդալը»: Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում՝ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում և այլուր: 2013թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի, 2017թ.՝ Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:   ՀՌՀ մամուլի ծառայություն

Lragir.am,
10-10-2019 22:17