Գալուստ Գյուլբենկյանի մասին պատմող «Պարոն հինգ տոկոս» գիրքը թարգմանվել է հայերեն

10-10-2019 22:15

Աշխարհահռչակ գործարար և բարեգործ Գալուստ Գյուլբենկյանի մասին պատմող «Պարոն հինգ տոկոս» գիրքը հայերեն է թարգմանվել: Ջոնաթան Քոնլինի այս գիրքը բացահայտում է Գյուլբենկյանի հարուստ կենսագրությունը: Այն ստեղծվել է Գյուլբենկյանի արխիվի ուսումնասիրությունների հիման վրա: Գրքի շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին, ժամը 19:00 «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի Գալուստ Գյուլբենկյանի անվան սրահում: Այն լույս է տեսնում «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ: «Շարունակելով հանրությանը ներկայացնել մեր հայ ականավոր գործիչների մասին ստեղծագործությունները՝ մեր հրատարակչությունն ուրախ է հայտարարել, որ շատ շուտով ընթերցողների սեղանին հայերեն թարգմանությամբ կհայտնվի աշխարհի ամենահարուստ մարդու՝ Գալուստ Գյուլբենկյանի մասին պատմող «Պարոն հինգ տոկոս» գիրքը: Վստահ ենք, որ ինչպես և նախորդ տարի լույսընծայած և ազգային բեսթսելեր դարձած Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գիրքը, այնպես էլ այս մեկը մեծ հաջողություն կունենա ընթերցողների շրջանում»,-նշում է «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը: Ամբողջ կյանքում Գյուլբենկյանը միտումնավոր խուսափում էր մամուլից այն աստիճան, որ այսօր նրանք, ում ծանոթ է այդ անունը, հաճախ շփոթում են գաղտնասեր Գալուստին իր հանրաճանաչության ձգտող որդու՝ Նուբարի հետ: Գալուստի գաղտնասիրությունը հետագայում դժվարացրել էր անգամ իր ընտանիքի, կրթության կամ կարիերայի վերաբերյալ հիմնական փաստերը հիմնավորելը: Չի եղել նավթարդյունաբերության ողջ պատմության մեջ որևէ մեկ այլ գործարար, որ այսքան ուժեղ ազդեցություն ունենար՝ այսքան մեծամասշտաբ և այսքան երկարատև: Նշենք, որ գիրքը թարգմանել է Սիլվա Հովակիմյանը: Ւ դեպ, տեղեկացնենք, որ հայերեն տարբերակին զուգահեռ լույս է տեսնում նաև ռուսերեն թարգմանությունը:

Lragir.am,
10-10-2019 22:15