Վիտալի Բալասանյանը բացեց խաղաքարտերը

Սիրիայի հյուսիսում ռազմական ներխուժմամբ Թուրքիան որոշակիորեն նվազեցրեց այն աղմուկը, որ Հայաստանում առաջացրել էր Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանն իր հայտնի հայտարարություններով: Սակայն Բալասանյանի հայտարարությունների արձագանքը դեռ լսվելու է: Առավել եւս, որ նախօրեին դատախազությունը հայտնել էր, որ հարցազրույցի տեսանյութը ուղարկել է ԱԱԾ, ուսումնասիրելու համար: Մինչ այդ, տարբեր արձագանքներից, տարբեր խմբեր եւ շերտեր ներկայացնող աղբյուրներից աստիճանաբար ուրվագծվում է Բալասանյանի հայտարարության շարժառիթը, թե ինչու՞ նրա աղմկոտ հարցազրույցը «զուգադիպեց» Արցախից ստացված մեկ այլ տեղեկության հետ: Խոսքը Արցախի նախագահի 2020 թվականի ընտրությանը Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի մասնակցելու որոշման մասին է: Արդեն իսկ հրապարակվում են արձագանքներ, որ Վիտալի Բալասանյանի աղմկոտ հարցազրույցի հանդեպ սուր արձագանքն ու հատկապես դատախազության ուշադրությունն ունի նրան Արցախի նախագահի ընտրության գործընթացից հեռացնելու եւ դրանով «Հայաստանի իշխանության թեկնածու» Մասիս Մայիլյանի համար ճանապարհ բացելու նպատակ: Նշմարվում է, որ մրցակիցները Մասիս Մայիլյանին ասոցացնելու են Հայաստանի իշխանության հետ, եւ այդ պատճառով էլ նրա առաջադրվելու որոշման հրապարակմանը գրեթե զուգահեռ, մեկ այլ թեկնածու Վիտալի Բալասանյանի միջոցով Հայաստանի իշխանությունը էլ ավելի մեծ ուժգնությամբ սկսեց ասոցացվել «հակահայկականության» եւ «հակաարցախականության» հետ: Նպատակն անշուշտ այդ երկու «ասոցիացիաների» զուգորդմամբ Մասիս Մայիլյանին հարվածելն է: Որովհետեւ Մայիլյանն ուժեղ թեկնածու է, բայց ամենագլխավորը՝ Մասիս Մայիլյանը առաջարկում է ոչ թե կռիվ անցյալի ու ներկայի, այլ համազգային քննարկում ապագայի շուրջ: Իսկ այդտեղ անցյալը պարտվում է, որովհետեւ ողջ է այնքան, քանի դեռ ներկան կռվում է այդ անցյալի հետ: Ըստ այդմ, պետք է հրահրել կռիվ, հնարավորինս շատ, հնարավորինս մեծ թափով: Բայց այստեղ առկա է մի ուշագրավ հանգամանք: Վիտալի Բալասանյանը փաստորեն արցախյան ընտրությանը ինքն է խաղում «սեւ-սպիտակի» տրամաբանությամբ: Եթե հայաստանյան ընտրություններին նախկին իշխող համակարգը նոր իշխանությանն էր մեղադրում սեւ-սպիտակ շեշտադրումների համար, ապա Վիտալի Բալասանյանը, որն անկասկած վայելում է նախկին իշխանության համակրանքը՝ առնվազն քանի դեռ հակակրում է Նիկոլ Փաշինյանին, ինքն է առաջ քաշում սեւ-սպիտակ տրամաբանությունը: Իհարկե, այս դեպքում իր սպիտակ լինելու կանխավարկածով: Բայց արցախյան հանրությունն էլ անշուշտ ունի իր «կանխավարկածները», որոնք կարող են չհամընկնել Վիտալի Բալասանյանի պատկերացումներին: Այդ դեպքում նա կարող է ստանալ լիովին հակառակ էֆեկտ. փորձելով այդ տրամաբանությամբ ականապատել ճանապարհը, նա մեծ հավանականությամբ կզտի ընտրական միջավայրը, միարժեք դիլեմաների առաջ դնելով բոլոր մյուս հնարավոր թեկնածուներին, այդ թվում հաղթողի մեկ այլ ուժեղ հավակնորդ համարվող Արայիկ Հարությունյանին: Ավելին, այդ տրամաբանությունը խորացնելով, Արցախի հանրապետության ԱԽ նախկին քարտուղարը կարող է ավելի շատ խանգարել հենց նրան: Գլխավորն իհարկե այն է, որ կարող է տուժել նախընտրական դիսկուրսը, որը փաստորեն Մայիլյանի ներգրավումով դառնալու էր Արցախի քաղաքական ու սուբյեկտային առաջնահերթություններին համարժեք, ինչը խիստ կարեւոր է միջազգային անվտանգության ներկայիս բավական խարխուլ միջավայրում:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
10-10-2019 22:49