ՊՀԹ-ի «Վերջին ուսուցիչը» ներկայացվեց Աբովյանի թատերական փառատոնի շրջանակներում

10-10-2019 23:15

Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնն այս տարի մասնակցեց Աբովյանի ամենամյա թատերական փառատոնին: Աբովյան քաղաքի Դրամատիկական թատրոնում ՊՀԹ-ն ներկայացրեց  Վարդգես Պետրոսյանի համանուն վիպակի հիման վրա բեմադրված՝ «Վերջին ուսուցիչը» ներկայացումը (բեմադրությունը՝ ՊՀԹ-ի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանի): Մինչ ներկայացման մեկնարկը, Աբովյանի Դրամատիկական թատրոնում հավաքված հանդիսատեսին բեմից ողջունեց նույն թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանը, նշելով. «Այս ներկայացումը արդեն 11 տարի է ներկայացվում է հանդիսատեսի դատին եւ բուռն արձագանքների է արժանանում: Հուսով եմ՝ Աբովյանում ևս շատ լավ կընդունվի»: Իսկապես որ, Աբովյանի հանդիսատեսը, որում գերակշռում էին դպրոցահասակ պատանիները, շատ ջերմ էր ու ոգևորված: Անաղմուկ հետևելով ներկայացման ընթացքին՝ նրանք շատ բարձր ծափահարություններ նվիրեցին դերասանական խմբին, որից հետո ցանկություն հայտնեցին ետնաբեմում լուսանկարվել նրանցից շատերի հետ: ՊՀԹ մամուլի ծառայություն

Lragir.am,
10-10-2019 23:15