Դատարանը մերժել է Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանների միջնորդությունը

15-10-2019 19:10

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, մերժեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ խափանման միջոց կալանավորումը փոխելու և 5 միլիոն դրամ գրավ կիրառելու հերթական միջնորդությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը նշեց, որ իրենք տվյալ դատավարության ժամանակ միջնորդել են արտագնա նիստ անցկացնել հիվանդանոցում: «Մենք այդ միջնորդությունը ներկայացրինք, քանի որ մեր պաշտպանյալը տեղաշարժման խնդիր ունի և չի կարող դատարանում ներկա գտնվել: Արտագնա նիստ անցկացնելը պրակտիկայում ընդունված է, սակայն դատարանը մերժեց նաև մեր այդ միջնորդությունը»,- ասաց Մկրտչյանը: Փաստաբանն ընդգծեց, որ Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու հերթական միջնորդության համար հիմք էր հանդիսացել հոկտեմբերի 10-ին «Նաիրի» ԲԿ-ում հրավիրված բժշկական կոնսիլիումը, որով ըստ պաշտպանի հիմնավորվել է, որ Գրիգորյանի մոտ 4-5 նոր հիվանդություն է հայտնաբերվել: Նա նաև շեշտեց, որ իրենք դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան  (ՄԻԵԴ) և Երևանի ընդհանուր իրավասության դատարանին խնդրել են որոշ փաստաթղթեր տրամադրել, ինչն արդեն մի քանի օր է ինչ չի տրամադրվում: «Մենք ՄԻԵԴ ենք դիմել խափան միջոցը փոխելու հարցով և  որոշ փաստաթղթեր ներկայացնելու համար դեռ ուրբաթ օրը դիմել ենք դատարան, սակայն դեռևս արձագանք չկա»,- ասաց Արսեն Մկրտչյանը: Դատական նիստի ժամանակ մեղադրող կողմը ներկայացված միջնորդությունները որակեց անհիմն: «Ընդհանուր դրույթներով փաստաբանների միջնորդությունը նույնաբովանդակ է, հենց այդ պատճառով էլ այս միջնորդությունը ևս ենթակա է մերժման: Մանվել Գրիգորյանը գտնվում է լավագույն ԲԿ-ներից մեկում, ինչն, ըստ էության, հենց նրա ընտրությունն է եղել»,- նշեց դատախազ Վահե Դոլմազյանը:

Lragir.am,
15-10-2019 19:10