Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի վարչապետին

15-10-2019 19:35

Հոկտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային՝ ուղեկցությամբ Հայաստանի Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի: Ողջունելով Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության այցը համայն հայության հոգևոր կենտրոն՝ Հայոց Հայրապետը շնորհավորեց տիար Գեորգի Գախարիային վարչապետի կարևոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ այցը կնպաստի հայ-վրացական դարավոր բարեկամության առավել զորացմանը: Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց երկու ժողովուրդների միջև եղած պատմական առնչություններին, որոնք հարուստ են փոխօգնության, զորակցության և միասնական պայքարի բազում վկայություններով՝ հաստատելով, որ  դրանք այն ամուր հիմքերն են, որոնց վրա պետք է կառուցվի և հաստատվի երկու երկրների գործակցությունը: Հայոց Հովվապետը փաստեց, որ երկու բարեկամ ժողովուրդների հարաբերությունների մեջ առանձնակի դերակատարություն է ունեցել քրիստոնեական հավատքն ու արժեհամակարգը, որոնց շնորհիվ հաղթահարվել են բազում փորձություններ ու դժվարություններ: Նորին Սրբությունը խոսեց նաև Հայաստանյայց Առաքելական և Վրաց Ուղղափառ Եկեղեցիների կարևոր դերակատարության մասին ազգային ինքնության և մշակույթի պահպանության, հայ և վրաց ժողովուրդների համախմբման և պետականաշինության գործում: Իր հերթին վարչապետ Գեորգի Գախարիան Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցեց Համայն Վրաստանի Իլյա Բ Կաթողիկոս-Պատրիարքի եղբայրական ողջույնները` համոզում արտահայտելով, որ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը հիմնված է եկեղեցական սերտ հարաբերությունների վրա: Վարչապետն ընդգծեց, որ Եկեղեցին մշտապես ունեցել է իր կենսական և պետականաշինական նշանակությունը և շարունակելու է այդպիսին մնալ: Անդրադառնալով այցի արդյունքներին` պրն. Գախարիան հավաստիացրեց, որ երկու երկրների և ժողովուրդների միջև առկա բոլոր հարցերը լուծվելու են եղբայրական հարաբերությունների հիմքի վրա: Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն իր շնորհակալությունը հայտնեց Վրաստանի իշխանություններին Վիրահայոց թեմի գործունեությանը զորակցելու և Վրաստանի հայ համայնքի նկատմամբ խնամք ցուցաբերելու համար` միևնույն ժամանակ հույս հայտնելով, որ անհրաժեշտ միջոցները կձեռնարկվեն երկրում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պատշաճ պահպանության ուղղությամբ: Վեհափառ Հայրապետն իր ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Վրաց Ուղղափառ Եկեղեցու պետին, ապա հանդես եկավ առաջարկով Վրաց Ուղղափառ Եկեղեցու հետ համատեղ, աջակցությամբ նաև Վրաց իշխանությունների կազմակերպել հոգևոր-մշակութային միջոցառումներ, եկեղեցական արժեքների ցուցադրություններ` ի նպաստ երկու ժողովուրդների միջև մշակութային և հոգևոր կապերի զորացման: Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը և խաղաղության ու բարօրության մաղթնանքերը հղեց վրաց ժողովրդին:

Lragir.am,
15-10-2019 19:35