Քարվաճառից զորքը հանելու փաստաթուղթը. Վիտալի Բալասանյանը կիսատ թողեց

15-10-2019 20:07

«Երբ մենք ազատագրել ենք Քարվաճառի շրջկենտրոնը, 1993 թվականի Գորիսի հայտնի հանդիպմանը հրավիրվել էր այն ժամանակ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը, որպեսզի ստորագրեն այն փաստաթուղթը, որ մեր զորքերը Քարվաճառից դուրս են գալիս: Արցախյան կողմը, ռազմաքաղաքական իշխանությունը դեմ է արտահայտվել, և մենք որևէ փաստաթուղթ չենք ստորագրել», այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը: Վիտալի Բալասանյանն այս պատմական իրադարձությունը հիշատակել է Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքականության համատեքստում, հայտարարելով, որ նա դեմ էր Արցախի ազատագրական հակահարձակմանը: Գորիս էր հրավիրվել ԼՂՀ այն ժամանակվա վերնախավը, ներկա էր նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Արցախցիները մերժել են ստորագրել այդ փաստաթուղթը: Այսքանով Վիտալի Բալասանյանը ճշմարտությունն է ասում: Սակայն նա, չգիտես ինչու, կամ հասկանալիորեն ինչու չի շարունակում այս իրադարձության հետագա զարգացման մասին պատմությունը: Բանն այն է, որ Գորիսից անմիջապես հետո եղել է նաեւ մեկ այլ հավաք, արդեն Ստեփանակերտում: Լեւոն Տեր-Պետրոսյանը պնդել է, որ այն ստորագրվի, Գեորգի Պետրոսյանն ընդդիմացել է: Սակայն Արցախի այն ժամանակվա վերնախավն արդեն նույնքան միակարծիք չի եղել, որքան Գորիսի հանդիպմանը: Գեորգի Պետրոսյանը հրաժարական է տվել, որոշ ժամանակ անց ԼՂՀ խորհրդարանի նախագահի պաշտոնակատար է դարձել Կարեն Բաբուրյանը: Դա այն շրջանն էր, երբ Հայաստանի իշխանությունը ձգտում էր Արցախում հեռացնել լեգիտիմ ընտրված իշխանությունը եւ իշխանության բերել Քոչարյանին: Գեորգի Պետրոսյանի հրաժարականից հետո այդ խնդիրն իրականացվեց: Քարվաճառի վերաբերյալ այդ թուղթը ֆաքսով ուղարկել էր Մարիո Ռաֆաելլին՝ ԵԱՀԽ (այժմ ԵԱՀԿ) Մինսկի կոնֆերանսի նախկին նախագահը: Հանուն արդարության պետք է նշել, որ այն իրավական-քաղաքական տեսակետից որեւէ բան չէր ներկայացնում: Բայց այն դարձավ ԼՂՀ-ում խնդիրներ լուծելու միջոց: Այն ստորագրվե՞ց ի վերջո, թե ոչ, Քոչարյանը կո՞ղմ էր, թե ոչ. Վիտալի Բալասանյանը հաստատ գիտե, բայց չի ասել: Արցախում նախընտրական շրջան է, Վիտալի Բալասանյանը մտադիր է առաջադրել իր թեկնածությունը: Հնարավոր է՝ կիսատ ճշմարտությունները նախընտրական տրամաբանության մեջ են: Ստեփանակերտի նրա գրասենյակում հաճախ են հյուրընկալվում Գառնիկ Իսագուլյանն ու Դավիթ Շահնազարյանը, իսկ նրա թեզերը լիովին համընկնում են նախորդ վարչակարգի թեզերին:

Lragir.am,
15-10-2019 20:07