ԱԳՆ պաշտոնյաները հանդիպել են Արցախի բարեկամների համաժողովի մասնակիցների հետ

15-10-2019 21:37

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը և ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել են «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի շրջանակներում Կենտրոնական և Հարավային Ամերիկայից (Արգենտինա, Կոլումբիա, Կոստա Ռիկա, Չիլի, Ուրուգվայ) Հայաստան և Արցախ ժամանած հասարակական քաղաքական, մշակութային գործիչների, իրավապաշտպանների, գիտնականների, վերլուծաբանների և լրագրողների հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: «Ողջունելով հյուրերին՝ Գրիգոր Հովհաննիսյանն արձանագրեց, որ Հայաստանը և Լատինական Ամերիկայի ժողովուրդները միահյուսված են ամուր պատմական բարեկամական կապերով՝ հիմնված փոխադարձ վստահության և հարգանքի վրա: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակվեցին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման, Հայոց ցեղասպանության ճանաչման, տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցերի շուրջ: Անդրադարձ կատարվեց նաև առանձին երկրների հետ երկկողմ հարաբերություններին: ԱԳ նախարարի տեղակալը երախտագիտություն հայտնեց հյուրերին՝ Արցախի ժողովրդին սատարելու և նրա կողքին լինելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Lragir.am,
15-10-2019 21:37