Էրդողանի իշխանության վերջն արդեն գրեթե երևում է

Մեր զրուցակիցն է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը Պարոն Մելքոնյան, ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիսում: Ընդհանուր իրավիճա՞կ է փոխվում աշխարհում: Արդեն որերորդ տարին է, որ Էրդողանը փորձում է գնալ Օսմանյան կայսրության քաղաքական մտածողության ճանապարհով: Վերջին դեպքը դրա հերթական արտահայտությունն էր: Քանիցս նրանք ներխուժել էին Հյուսիսային Սիրիա: Այսօր շարունակեցին այդ նույն քաղաքականությունը և կայսերական մտածողությունից չեն կարողանում ազատվել: Կարծում եմ՝ ժամանակները փոխվել են, աշխարհի այսօրվա արձագանքներից հստակ երևում է, որ երկրների գերազանցապես մեծ մասը բացասական է տրամադրված Թուրքիայի առաջխաղացման նկատմամբ: Սա երկար չի կարող տևել: Սիրիական բանակի, կառավարական զորքերի և քրդերի զինված ջոկատների բացման պարագայում հնարավոր կլինի կասեցնել թուրքերի հետագա առաջխաղացումը: Այսօր նաև ԵՄ որոշ երկրներ կոչ արեցին դադարեցնել զենքի մատակարարումը Թուրքիա: Արդյոք այս կոչին հենց Ռուսաստանը չպետք է հետևի: Այո,իհարկե, որովհետև վերջին շրջանում Ռուսաստանում ևս կան ուժեր, որոնք ճիշտ չեն համարում Թուրքիայի հետ Ռուսաստանի մերձեցումը: Իհարկե, սա մակերեսային մերձեցում է, որովհետև Ռուսաստանի և Թուրքիայի միջև խորը տարաձայնություններ կան, հենց նույն Սիրիայում, նաև Ղրիմի հարցում: Այնպես որ, կարծում եմ՝ Ռուսաստանը ևս ի վերջո այս հարցում ավելի վճռական կգտնվի և կպահանջի դադարեցնել Թուրքիայի առաջխաղացումը: Դա կարող է հակամարտության ավարտի համար բարենպաստ իրավիճակ ստեղծել: Հաշվի առնելով Թուրքիայի ներքաղաքական իրավիճակը, Էրդողանի կուսակցության վարկանիշի կտրուկ անկումը, նրա դիրքերը որքանո՞վ են ամրանում այս ռազմական ներխուժման արդյունքում, թե՞ ընդհակառակը, սա ավելի է թուլացնելու Էրդողանի դիրքերը: Իմ կարծիքով, Էրդողանը նման արկածախնդիր քայլերով փորձում է տնտեսական վայրէջքը փոխարինել ազգային գաղափարախոսության տարածման մոտեցումներով, որը արդյունքի չի բերի, Թուրքիայի տնտեսական վիճակն էլ ավելի կվատթարանա: Հետևաբար, Էրդողանի իշխանության վերջն արդեն գրեթե երևում է: Այսինքն՝ անգամ մինչև հաջորդ ընտրություններ Էրդողանը կարող է հեռանա՞լ: Դժվարանում եմ ասել, բայց կյանքը ցույց է տալիս, որ Էրդողանն այլևս չի վայելում Թուրքիայի հասարակության մեծամասնության համակրանքը: Սիրիայի զինված ուժերի առաջխաղացումը որքանո՞վ կզսպի Թուրքիային: Ես կարծում եմ, որ Սիրիայի կառավարական բանակը այլևս 4-5-10 տարի առաջվա զորքերը չեն: Շատ ավելի մարտունակ, մարտերի մեջ թրծված, փորձված են: Այս իմաստով Սիրիայի բանակը լուրջ վտանգ է ներկայացնում թուրքերի համար: Թուրքերը կարծում եմ, թե նախկին սիրիական բանակի հետ գործ ունեն ու այս հարցում նրանք սխալվում են: Կյանքը ցույց տվեց, որ սիրիական բանակը սովորեց կռվել և արդեն եղանակ է ստեղծում տարածաշրջանում: Շատերը նշում են, որ Թուրքիայի ներխուժումից կվատանան Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները: Այդ մերձեցումն առերես մերձեցում է և իրականում խորը հիմքեր չունի: Թուրքիայի նկատմամբ Արևմուտքի բացասական վերաբերմունքի պարագայում Ռուսաստանն ու Թուրքիան ստիպված են եղել առերես մերձենալ, բայց այդ հարաբերությունները շատ խորը հակասություններ ունեն և շարունակում են այդպիսին մնալ: Դրանք ավելի կարող են վատթարանալ Սիրիայի զորքերի օրեցօր գրանցվող հաջողությունների պարագայում, քանի որ Սիրիայի բանակը վայելում է ռուսական կողմի աջակցությունը: Անգամ ակնհայտ բախում կարող է լինել, և Ռուսաստանը ստիպված է լինելու ընտրություն կատարել Թուրքիայի հետ առերես մերձեցման և Սիրիայի կառավարության ու Ասադի հետ իրական հարաբերությունների միջև:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
15-10-2019 21:32