Ընթերցողներին ներկայացվեց Գալուստ Գյուլբենկյանի մասին պատմող «Պարոն հինգ տոկոս» գիրքը

15-10-2019 22:05

Պորտուգալահայ գործարար և բարեգործ Գալուստ Գյուլբենկյանի մասին պատմող «Պարոն հինգ տոկոս» գրքի հայերեն և ռուսերեն տարբերակները ներկայացվեցին ընթերցասերների ուշադրությանը: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ գրքի, որը լույս է ընծայել Էդիթ պրինտ հրատարակչությունը, շնորհանդեսը տեղի ունեցավ հոկտեմբերի 15-ին: «Ջոնաթան Քոնլին 2012 թվականին ստանձնեց այս գիրքը գրելու նախաձեռնությունը: Այդ գործընթացը  տևեց յոթ տարի, և գիրքը նվիրվեց Գյուլբենկյանի 150-ամյակին: Հեղինակն օգտվել է ավելի քան 35 աղբյուրից: Քոնլին մուտք է գործել բանկերի, Օսմանյան կայսրության արխիվներ, օգտվել է Գյուլբենկյանի անձնական նամակագրությունից, փաստագրական տարբեր նյութերից»,-նշեց Էդիթ պրինտ հրատարակչության հիմնադիր նախագահ Մկրտիչ Կարապետյանը: Նա ընդգծեց, որ գիրքը ոչ միայն Գալուստ Գյուլբենկյանի կենսագրականն է, այլև ներկայացնում է մի ամբողջ ժամանակաշրջան: «Գրքի միջոցով կարող ենք ծանոթանալ Օսմանյան կայսրությունում ապրող հայերի կենսաձևին, տեղեկություններ քաղել այդ ժամանակաշրջանի եվրոպական դիվանագիտության և այլնի վերաբերյալ»,-պատմեց Կարապետյանը: Ջոնաթան Քոնլինի այս գիրքը բացահայտում է Գյուլբենկյանի հարուստ կենսագրությունը: Գիրքը ստեղծվել է Գյուլբենկյանի արխիվի ուսումնասիրությունների հիման վրա: Ամբողջ կյանքում Գյուլբենկյանը միտումնավոր խուսափում էր մամուլից այն աստիճան, որ այսօր նրանք, ում ծանոթ է այդ անունը, հաճախ շփոթում են գաղտնասեր Գալուստին իր հանրաճանաչության ձգտող որդու՝ Նուբարի հետ: Գալուստի գաղտնասիրությունը հետագայում դժվարացրել էր անգամ իր ընտանիքի, կրթության կամ կարիերայի վերաբերյալ հիմնական փաստերը հիմնավորելը: Չի եղել նավթարդյունաբերության ողջ պատմության մեջ որևէ մեկ այլ գործարար, որ այսքան ուժեղ ազդեցություն ունենար: Գիրքը թարգմանել է Սիլվա Հովակիմյանը:

Lragir.am,
15-10-2019 22:05