Ի՞նչ է Բաքուն սպասում Թուրքիայից. Էրդողանը խոստացել է օգնել

Մինչ թուրքական զորքերը գործողություն են իրականացնում Սիրիայում, Բաքվում հավաքվել են թյուրքական երկրների ղեկավարները: Ռազմական գործողությունների թեժ փուլում, երբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է ընդունել թուրք պաշտոնյաների դեմ, Չինաստանը, ԵՄ-ն ու մյուս երկրները պահանջում են ներխուժման դադարեցում, Էրդողանը մեկնել է Բաքու Ալիեւի հետ զրուցելու: Միայն երեք պետություններ են աջակցել Թուրքիային՝ Ադրբեջանը, Կատարն ու Պակիստանը: Ի պատասխան՝ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն կրկին հիշել է Ղարաբաղի «օկուպացիայի» մասին: Ալիեւն ասել է, որ Զանգեզուրի փոխանցումը Հայաստանին «բաժանել է թյուրքական աշխարհը»: Էրդողանն էլ խոստացել է օգնել «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման» գործում: Բաքվում ոգեշնչվել են, եւ այնտեղ ռազմատենչ տրամադրություններ են աճում՝ խոսում են, որ Թուրքիայի գործողությունը շուտով շարունակվելու է Ղարաբաղում: Հիշեցնենք, որ Ադրբեջանում վերջին տասնամյակում առնվազն երկու անգամ եղել են նման տրամադրություններ: 2008 թվականի օգոստոսին, երբ Վրաստանը փորձեց վերադարձնել Աբխազիան, Ադրբեջանում անհամբերությամբ սպասում էին «տարածքային ամբողջականության վերականգնմանը»: Խոսում էին, որ ադրբեջանական զորքեր են կուտակվել Ղարաբաղի սահմանների մոտ, բանակը պատրաստ է ներխուժել, եթե Վրաստանը ռուսական զորքի համար փակի ճանապարհը դեպի Հայաստան: Նույն սպասումներն էին 2014 թվականին, երբ Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը, եւ Բաքվում սպասում էին, որ Ուկրաինան պատերազմի մեջ կմտնի Մոսկվայի հետ: Սակայն ամեն անգամ Ադրբեջանը ստիպված է լուռ վայր դնել զենքը ու հետեւել, թե ինչպես են աշխարհում փոխվում խաղի կանոնները: Սերգեյ Լավրովն ասում է, որ հիմա չկա ոչ մի կանոն, բայց նա քիչ ինչ նենգափոխում է, որովհետեւ խաղի կանոններ միշտ կան: Դրանք հնչեցրել է Դոնալդ Թրամփը՝ իրողությունների ճանաչում: Հիմա էլ Բաքուն հույս է դրել Թուրքիայի սիրիական գործողության վրա: Ի՞նչ է Բաքուն սպասում Թուրքիայից: Փաստացի, Անկարայի գործողությունն ուղղված է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանը, որ Մերձավոր Արեւելքում քրդական պետություն չստեղծվի եւ հարյուրամյա սահմանները չքանդվեն: Քաղաքագետ Լեւոն Շիրինյանն ասում է, որ Հայաստանը պետք է պրոակտիվ լինի տարածաշրջանային հակամարտությունների պայմաններում եւ մտածի դեպի Կուր առաջխաղացման ու հայկական բնական սահմանների վերականգնման մասին: Ըստ երեւույթին, Ալիեւը վախենում է դրանից, այդ պատճառով էլ օգնում է Էրդողանին պահպանելու Սիրիայի տարածքային ամբողջականությունը:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
15-10-2019 22:49