Կասկածյալ եղբայրների բնակության վայրում գտնվել է ոստիկանի ատրճանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

16-10-2019 17:46

Հոկտեմբերի լույս 16-ի գիշերը,ժամը 3.40-ին, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները Ազատության պողոտայում նկատել են երկու անձի: Վերջիններս տեսնելով պարեկային մեքենան` փախել են: Ոստիկանության ծառայողները հետապնդել են և Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում բռնել նրանց: Բռնված անձինք դիմադրել են: Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակը, հարվածել ոստիկանի գլխին, այնուհետև կրակել մյուս ոստիկանի վրա: Վերջիններս դեպքի վայրից դիմել են փախուստի: Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Դեպքից ժամեր անց ոստիկանության մի շարք ստորաբաժանումների և քննչական կոմիտեի ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հանցագործությունը կատարելու կասկածանքով Պռոշյան գյուղի իրենց տնից հայտնաբերվել ու ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման են ենթարկվել 2001 և 2003 թվականներին ծնված եղբայրներ: Ի դեպ, նշենք, որ բերման ենթարկված անձինք նախկինում անցել են անձնական ունեցվածքի գողության փաստերով հարուցված մի շարք քրեական գործերով: Կասկածյալների բնակության վայրում հայտնաբերվել է ոստիկանի հաշվեցուցակային ատրճանակը: Եղբայրները ձերբակալվել են: Քննությունը շարունակվում է: Ցավակցում ենք ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված մեր գործընկերոջ ընտանիքի անդամներին ու հարազատներին, կիսում կորստյան խոր վիշտը:

Lragir.am,
16-10-2019 17:46