ՆԱՏՕ-ի դիտորդական խումբը գնահատել է հայ զինծառայողների գործողությունները

18-10-2019 14:19

Հոկտեմբերի 15-ին ՀՀ ՊՆ «Զառ» ուսումնական կենտրոնում անցկացված զորավարժության ընթացքում հայ զինծառայողների գործողություններին հետեւելու եւ գնահատելու նպատակով Հայաստան է գտնվում ՆԱՏՕ-ի դիտորդական խումբը: Զորավարժության նպատակն էր ՆԱՏՕ-ի չափորոշիչներով գնահատում անցնելը եւ միջազգային խաղաղարար առաքելություններին մասնակցելու հավաստագրում ստանալը: Հոկտեմբերի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի դաշտային հոսպիտալի գնահատման ամփոփումը, որին ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է միջազգային դիտորդների հետ, հետաքրքվել անձնակազմի գործողությունների վերաբերյալ նրանց տպավորություններով: Դիտորդները ներկայացրել են իրենց նկատառումներն ու դիտողությունները, հանդես եկել արձանագրված որոշակի թերությունները վերացնելու առաջարկություններով: Դիտորդների նախնական գնահատականը դրական է, վերջնականը կլինի վեց ամիս հետո՝ հաշվի առնելով բացթողումների վերացման ուղղությամբ տարվող նպատակային աշխատանքը: Զորավարժության սցենարով ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի գումարտակներից մեկը եւ ինժեներասակրավորային դասակը իրականացրել են խաղաղարար առաքելություն, իսկ շարժական դաշտային հոսպիտալը՝ նրանց գործողությունների բուժապահովումը: Բացազատված դաշտային շարժական հոսպիտալում իրականացվել է պայմանական վիրավորների տեսակավորում, ըստ վիրավորման ծանրության աստիճանի` անհրաժեշտ բուժօգնության ապահովում, ուղղաթիռային տարհանում եւ այլ օպերատիվ միջոցառումներ:

Lragir.am,
18-10-2019 14:19