ԱՄՆ-ում սենատորներն առաջարկել են մշակել հարբած վարորդների ճանաչման տեխնոլոգիա

18-10-2019 14:30

Ամերիկացի սենատորներ Ռիք Սքոթը (հանրապետական՝ Ֆլորիդայի նահանգից) եւ Թոմ Յուդոլը (դեմոկրատ՝ Նյու Մեքսիկոյի նահանգից) հոկտեմբերի 17-ին ներկայացրել են օրինագիծ, որը նպատակամիտված է այն բանին, որ նոր տեխնոլոգիական միջոցների օգնությամբ հարբածներին թույլ չտրվի փոխադրամիջոց վարել: Ինչպես հայտնել է KTLA հեռուստաընկերությունը, նրանց կարծիքով, այդ նախաձեռնությունը տարեկան կարող է 7 հազար մարդու կյանք փրկել, տեղեկացնում է  «Արմենպրես»-ը: «Ղեկի առջեւ հարբեցողության կրճատման մասին» (Reduce Impaired Driving for Everyone Act) օրենքի նախագիծը նախատեսում է 10 մլն դոլարի հատկացում նոր տեխնոլոգիաների մշակման համար, որոնք թույլ կտային արգելափակել ավտոմեքենայի վարումն այն դեպքում, եթե ղեկին դիպչի մեկը, որի արյունը թույլատրված չափից ավելի ալկոհոլ է պարունակում: Նոր տեխնոլոգիաները պետք է մշակվեն մինչեւ 2024 թվականը, դրանց հիման վրա ստեղծված դետեկտորները պետք է տեղադրվեն բոլոր փոխադրամիջոցների վրա: Ինչպես հեռուստաընկերությանը հայտնել է Ճանապարհներին անվտանգության խնդիրների դաշնային վարչության նախկին ղեկավար Ջոան Քլեյբրուքը, նման տեխնոլոգիական որոշումները կարող են տարեկան 200 մլրդ դոլար խնայողություն ապահովել: «Միայն մտածեք, թե այդ միջոցներով ինչ կարելի է անել վթարների հետեւանքները վերացնել փորձելու փոխարեն»,-հավելել է նա:

Lragir.am,
18-10-2019 14:30