ԼՀԿ-ն առաջարկում է կուսակցություններին պետական որոշակի աջակցության տրամադրում

18-10-2019 14:48

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է, որ պետությունը որոշակի աջակցություն տրամադրի խորհրդարան անցած կուսակցություններին՝ մարզային գրասենյակներ ունենալու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԼՀԿ-ի առաջարկները «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները եւ փոփոխությունների շրջանակը» թեմայով խորհրդարանական լսումներին ներկայացրեց պատգամավոր Կարեն Սիմոնյանը: Նա նշեց, որ ԼՀԿ-ն մարտից մասնակցել է Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի փոփոխությունների աշխատանքային խմբի աշխատանքին, ներկայացրել  բազմաթիվ առաջարկներ: «Եթե պետությունը որևիցե ձևով կուսակցության առջև պահանջ է դնում ունենալ տարածքային գրասենյակներ, որոշակի թվով անդամներ, այս կամ այն մասնակցություն, պետք է գոնե մինիմալ օժանդակություն ցուցաբերի: Սակայն միայն կուսակցության գոյությունը չի ենթադրում, թե այն պետք է ստանա պետական աջակցություն, կուսակցությունը պետք է ապացուցի, որ ինքը կենսունակ է, մասնակցի ընտրություններին, ունենա հանրային աջակցություն: Մենք կարծում ենք, որ առնվազն 2 տոկոս հանրային աջակցություն ունեցող կուսակցությունները և 3 տոկոս հանրային աջակցություն ունեցող դաշինքները  կարող են ստանալ պետական աջակցություն, ֆինանսավորում»,-ասաց Սիմոնյանն ու հավելեց, որ դա թույլ կտա առաջին հերթին խորհրդարան չանցած կուսակցություններին ձեռք բերել որոշակի ինքնուրույնություն, հետագայում կենսագործունեություն ապահովելու, ուժեղանալու ու խորհրդարան մտնելու համար: ԼՀԿ-ի կարծիքով՝ խորհրդարան անցած կուսակցությունների համար պայմաններն ավելի խիստ պետք է լինեն: Նրա խոսքով՝ խորհրդարանում ներկայացված կուսակցություններին պետք է պարտադրվի ունենալ մարզային գրասենյակներ, ապահովել մարդկանց հանդիպումը հենց տեղերում, խորհրդարան անցած կուսակցության պատասխանատվությունն ավելի մեծ է: «Սակայն, եթե պետությունը դնում է բոլոր մարզերում գրասենյակներ ունենալու պահանջ, ապա պետք է նաև որոշակի գոնե նվազագույն ֆինանսական աջակցություն տրամադրի»,-նշեց Սիմոնյանը: Նա կարևորեց նաև կուսակցությունների կարողությունների զարգացումը, նկատեց, որ մեծ մասը չունի հնարավորություն՝ օգտվելու հետազոտական լայն բազայից, այսինքն՝ օգտվելու անկախ փորձագետների ծառայությունից: Պատգամավորը նկատեց, որ հաճախ այս կամ այն օրինագծի վերաբերյալ հանրության դիրքորոշումը հասկանալու համար ստիպված օգտագործվում են սոցկայքերը, ԶԼՄ-ները, ինչը կարող է մանիպուլյացիայի պատճառ դառնալ: Այլ բան է պատկերը սոցիալական ցանցերում և այլ բան է իրականում: «Եվ հանրության վերաբերմունքը պետք է հասկանալ կամ փորձագիտական հետազոտությունների կամ հարցումների միջոցով, ինչից կուսակցությունների մեծ մասը զրկված է: Կարողությունների զարգացումը նաև վերաբերում է կուսակցությունների անդամների մասնագիտական կարողությունների զարգացմանը»,-ասաց նա ու հավելեց՝ աջակցություն պետք է տրամադրվի ոչ միայն ֆինանսական, այլ նաև տարածքների տրամադրման միջոցով: Սիմոնյանը կարևորեց նաև Հանրային հեռուստաընկերությամբ ու Հանրային ռադիոյով եթերաժամանակի տրամադրումը կուսակցություններին՝ իրենց գաղափարներն ու մտքերը տեղ հասցնելու համար:  Պատգամավորը ներկայացրեց կուսակցության այլ առաջարկներ ևս՝ շեշտելով, որ իրենց համար կուսակցությունների ձևավորման ամենակարևոր սկզբունքն այն է, որ լինի լիբերալ մոտեցում, այսինքն` կուսակցությունը ստեղծելը չլինի բյուրոկրատական քաշքշուկով պայմանավորված, լինի ավելի հեշտ, քան այսօր կա:

Lragir.am,
18-10-2019 14:48