ԲՀԿ-ական պատգամավորն առաջարկում է կուսակցությունների գրանցման համար դնել 500 անդամի պահանջ

18-10-2019 14:59

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը վերապահումներ ունի կուսակցությունների ձևավորման գործող կարգի վերաբերյալ: Նա մասնավորապես առաջարկում է, որ կուսակցության գրանցման համար 800 անդամի փոխարեն դրվի 500 անդամի և 50 հիմնադիր անդամի պահանջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորը նման տեսակետ հայտնեց «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները եւ փոփոխությունների շրջանակը» թեմայով խորհրդարանական լսումներին: «Գործող օրենքով կուսակցությունների գրանցման համար պահանջվում է, որ կուսակցությունն ունենա 800 անդամ: Ես առաջարկել եմ, որ 50 հիմնադիր անդամով և 500 անդամով հնարավոր լինի գրանցել կուսակցությունը: Կարծում եմ, որ կարելի է այդ թվերն ավելի իջեցնել»,-ասաց Բագրատյանը: Պատգամավորի կարծիքով՝ եթե քաղաքական ուժը չի մասնակցում երկու համապետական ընտրության, ապա առնվազն նորից պետք է գրանցի կուսակցությունը: Պատգամավորը մտավախություն հայտնեց նաև ԼՀԿ-ի՝ կուսակցություններին պետական աջակցություն տրամադրելու առաջարկի վերաբերյալ: Բագրատյանը կարծում է, որ կլինեն քաղաքական ուժեր, որոնք շատ կֆինանսավորվեն: Նա նաև նկատեց, որ կան կուսակցություններ, որոնք խորհրդարանում չեն, բայց ունեն հզոր գաղափարներ, և ֆինանսական դրության պատճառով կարող են մրցունակությունը կորցնել: Պատգամավորը նաև դիտարկում արեց կուսակցությունների ձևավորման ընթացքի վերաբերյալ: «Քաղաքական միավորը պետք է ստեղծել գաղափարի շուրջ: Ոչ թե պետք է ստեղծել կուսակցություն, հետո գաղափարներ տալ, այլ հակառակը՝ գաղափարի շուրջ պետք է հավաքվեն մարդիկ, որոնք կգեներացնեն դրանք»,-ասաց նա:

Lragir.am,
18-10-2019 14:59