Ծաղկաձորում սուբվենցիոն ծրագրով կկառուցվի արվեստի դպրոցի շենք

18-10-2019 16:00

Ծաղկաձորում սուբվենցիոն ծրագրով կկառուցվի արվեստի դպրոցի շենք Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Ծաղկաձորում էր, որտեղ հետևել է Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով համայնքում իրականացվող աշխատանքների ընթացքին: Հիշեցնենք, որ պետական բյուջեի աջակցությամբ, համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Ծաղկաձորում նախատեսված է իրականացնել 3 ծրագրեր. • մանկական արվեստի դպրոցի շենքի կառուցում • մանկապարտեզի բակային տարածքի բարեկարգում • համայնքի փողոցների հիմնանորոգում, մայթերի լայնացում: Մարզպետն այցելել է արվեստի դպրոցի տարածք, ծանոթացել մեկնարկելիք աշխատանքների մանրամասներին: Նշենք, որ շենքի կառուցման մրցույթը կայացել է, պայմանագիրը կնքման փուլում է: Ներկայում Ծաղկաձորի արվեստի դպրոցն ունի 67 սան: Այնուհետև Ռոմանոս Պետրոսյանն այցելել է Ծաղկաձորի մանկապարտեզ, որտեղ սուբվենցիայի շրջանակում իրականացվում են բակային տարածքի բարեկարգման աշխատանքներ, որոնց ավարտից հետո մանկապարտեզն ունենալու է ընդարձակ բակ՝ մարզասարքերով հագեցած խաղահրապարակով: Այստեղ ամբողջովին փոխվելու է ջրահեռացման համակարգը, որը երկար տարիներ խնդիր է հանդիսացել ամբողջ համայնքի համար, կառուցվելու են հենապատեր, լայնացվելու են մայթեզրերը: Ներկայում մանկապարտեզ է հաճախում 74 երեխա: Շահած այս ծրագրի արժեքը 81.900.000 դրամ է: Ծրագիրն իրականացվում է պետություն-համայնք 50% / 50% համաֆինանսավորմամբ: Մարզպետը ծանոթացել է նաև Մայիսյան փողոցն ընդգրկող ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Նշենք, որ պետական բյուջեի աջակցությամբ իրականացվում են ներհամայնքային փողոցների հիմնանորոգման և մայթերի լայնացման աշխատանքներ: Շահած պայմանագրի արժեքը 31.374.100 դրամ է, որից 14.118.345 դրամը (45%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 17.255.755 դրամը (55%) ՝ համայնքի:

Lragir.am,
18-10-2019 16:00