ՍԴ-ն միակ կառույցն է, որը չի պարում Նիկոլ Փաշինյանի դուդուկի տակ. Շարմազանով

18-10-2019 17:02

Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ մի քանի ժամ է՝ ի պաշտպանություն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բողոքի ակցիա է իրականացվում: Հրայր Թովմասյանի նկատմամբ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործը, Թովմասյանի դուստրերին ու հորը ԱԱԾ հրավիրելը բողոքի ակցիայի մասնակցիները քաղաքական հետապնդում են որակում: ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը լրագրողներին ասաց, որ նախքան ԱԱԾ գալը իմացել է, որ Հրայր Թովմասյանի ավագ դուստրը հրավիրվել է ԱԱԾ: Կրտսեր դուստրն էլ սպասում էր, որ քրոջից հետո իրեն պետք է կանչեին հարցաքննության: «Միայն սա հիմք պետք է հանդիսանա ձեզ համար, որպեսզի հասկանաք, թե ինչու եմ ես այստեղ, ինչու են այլ մարդիկ այստեղ: Ուզում եմ ճիշտ հասկանաք, գուցե սա կարող եք իշխանության դեմ գործողություններ բնութագրեք, բայց մեր այստեղ գտնվելը կապ չունի իշխանության հետ այլախոհ լինելու հանգամանքի հետ: Այստեղ գտնվողներից յուրաքնաչյուրը կարող է փաստել, որ ինքնին այն փաստը, որ ԱԱԾ են կանչել Հրայր Թովմասյանի դուստրերին և ԱԱԾ, իրավապահ համակարգի աշխատողներին ըստ էության ստիպում են անցնել գծեր, և արվում են բաներ, որոնք հանրության բարոյականության նորմերից դուրս են, պետք է հասկանալի դառնա, որ այստեղ խոսքը ոչ նախկին, ոչ ներկա, ոչ էլ ապագա իշխանության մասին է: Խոսքը այստեղ իրար հետ արժանապատիվ համագոյակցության մասին է»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը: ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նույնպես մասնակցում էր ակցիային, հայտարարեց, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ անձնական ու քաղաքական հետապնդում է իրականացվում: Նա լրագրողներին ասաց, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում և այն, ինչ տեղի է ունենում Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի նկատմամբ, ոչ այլ ինչ է, քան 37 թվականի ռեպրեսիաների ժամանակաշրջանի կրկնություն: «Բայց ես ուզում եմ ասել, որ ՀՀ-ում ամեն ինչ անելու ենք, որպեսզի վերադարձ դեպի անցյալ, դեպի 37 թվական տեղի չունենա»,- ասաց Շարմազանովը: Անդրադառնալով Հրայր Թովմասյանի վերաբերյալ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործին՝ Շարմազանովն ասաց, որ դա այնքան ծիծաղելի մեղադրանք է, որ եթե կիրառվում է Հրայր Թովմասյանի նկատմամբ, ուրեմն  դա նաև կիրառելի է Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, Մանե Թանդիլյանի նկատմամբ: «Որպես այդ ժամանակվա ԱԺ փոխնախագահ՝ կարող եմ ասել, որ Հրայր Թովմասյանը նույն աշխատակարգով ու իրավական կարգով է պատգամավորից դարձել ՍԴ նախագահ, ինչպես Նիկոլ Փաշինյանը պատգամավորից դարձել է վարչապետ: Եվ եթե Հրայր Թովմասյանը խախտել է Սահմանադրությունը, ուրեմն այդ նույն մեղադրանքը ՀՔԾ-ն պետք է ներայացնի նաև այսօրվա վարչապետին, չնայած մենք վարչապետ չունենք»,- ասաց նա: Շարմազանովը նաև հացադրում արեց՝ ինչ-որ մեկը հավատո՞ւմ է, որ սա իրավական գործընթաց է: «Բոլոր նրանք, ովքեր չեն կզում այսօրվա ռեժիմի տակ, դառնում են քաղաքական հետապնդվողներ: Միայն Հրայր Թովմասյա՞նը մեզ հետ կապ ունի, իրենց ֆրակցիայի կեսը մեզ հետ կապ է ունեցել: Սահմանադրական դատարանն այսօր միակ կառույցն է, որը չի պարում Նիկոլ Փաշինյանի դուդուկի տակ»,- հավելեց Շարմազանովը:

Lragir.am,
18-10-2019 17:02