Գողություններն աճել են, տեմը՝ նվազել. խորհրդակցություն ոստիկանությունում

19-10-2019 15:20

Հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ոստիկանության ընդլայնված կոլեգիայի նիստը, որի ընթացքում ամփոփվեցին ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2019 թվականի ինը ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Նիստը վարում էր ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը: Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամները, կենտրոնական ապարատի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները: Մինչ օրակարգին անցնելը նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված Տիգրան Առաքելյանի հիշատակը: Այնուհետև Արման Սարգսյանը, ծառայողական պարտականությունները կատարելիս կյանքին վտանգ սպառնացող պայմաններում խիզախություն և անձնազոհություն ցուցաբերելու համար, <> կրծքանշան հանձնեց ՊՊԳՎ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան Արմեն Հակոբյանին: 2019 թվականի ինը ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները ներկայացրեց ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը: Նշվեց, որ ոստիկանությունը, ընդհանուր առմամբ, կատարել է իր առջև դրված խնդիրները, օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում վերահսկել է օպերատիվ իրավիճակը՝ պահպանելով կայուն հասարակական կարգն ու անվտանգությունը: Ըստ վիճակագրական տվյալների՝ 2019 թվականի ինը ամիսների ընթացքում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 6,7%-ով կամ 1.192 դեպքով (2018թ. 9 ամիս` 17.673, 2019թ. 9 ամիս` 18.865), ինչը գլխավորապես պայմանավորված է գողությունների, հատկապես՝ ոչ մեծ ծանրության (աճ՝ 645-ով), և ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու (աճ՝ 165-ով) դեպքերի թվի աճով: Չնայած հանցագործությունների թվի որոշակի աճին՝ պետք է փաստել, որ 2019թ. 9 ամիսների ընթացքում իրականացված լայնածավալ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում էականորեն՝ շուրջ հինգ անգամ, կրճատվել է դրա տեմպը (2019թ. հունվար՝ 35,3%, սեպտեմբեր՝ 6,7%): Դեպքերի աճը կարելի է պայմանավորել նաև այն հանգամանքով, որ դեռևս նախորդ տարվանից, կապված իրավիճակի փոփոխության հետ, բարձրացել է քաղաքացիների վստահությունը ոստիկանության գործունեության նկատմամբ, և նրանք չեն խուսափում դիմել ոստիկանություն․ եթե 2018 թ. 9 ամիսների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումներ ստացվել էր առերևույթ հանցագործության մասին 147․780 հաղորդում, ապա 2019 թ. 9 ամիսների ընթացքում դրանց թիվն աճել է 29.721-ով կամ 20,1%-ով, կազմելով` 177.501): Հանցավորության ընդհանուր կառուցվածքում շարունակվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշռի նվազման միտումը (21,3%-ից 16,8%): Փոխարենը նկատելի աճ է արձանագրվել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշռում (45,9%-ից 50,6%): Ծանր հանցագործություններով բացահայտման արդյունավետությունը կազմում է 37,8%, առանձնապես ծանր հանցագործություններով՝ 56,8%: Ըստ հիմնական հանցատեսակների՝ բացահայտման աշխատանքների արդյունավետության պատկերը հետևյալն է՝ սպանություններով՝ 69,6%, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերով՝ 83,8%, այդ թվում ծանր՝ 75,2%, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման՝ 83,7%, այդ թվում՝ մահվան ելքով՝ 68,8%, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարված խուլիգանության՝ 65,9%, ավազակության՝ 80,0%, տրանսպորտային միջոց փախցնելու դեպքերով՝ 77,5%: Համեմատաբար ցածր արդյունավետություն է գրանցվել խուլիգանության՝ 55,2%, կողոպուտի՝ 58,5%, գողության՝ 44,2%, այդ թվում՝ բնակարանային՝ 23,2%, յուրացման կամ վատնման՝ 58,8% դեպքերով: Հայտնաբերվել է թմրամիջոցների իրացման 340 դեպք, ընդ որում՝ 12-ով աճել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների իրացման բացահայտման դեպքերը: Հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի հանցագործության 931 դեպք, որոնցից 255-ը կաշառակերության դեպքեր են, 151-ը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացման, 99-ը՝ պաշտոնեական կեղծիքի, 215-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 51-ը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու և այլն: Ոստիկանության ստորաբաժանումները պատշաճ հասարակական կարգ ու անվտանգություն են ապահովել ինչպես փետրվարի 17-ին, հունիսի 10-ին և սեպտեմբերի 29-ին մի շարք մարզերում կայացած համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունների, այնպես էլ 4.094 զանգվածային միջոցառումների ժամանակ: Անդրադառնալով ճանապարհային երթևեկության անվտանգությանը՝ նշվեց, որ հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է 3444 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով զոհվել է 253 և մարմնական վնասվածքներ ստացել 4.959 մարդ: Ամփոփելով կոլեգիայի նիստը՝ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն անդրադարձավ ներկայացված վիճակագրությանն ու մի շարք խնդիրների: Հաշվի առնելով ոստիկանի ծառայության վտանգավորությունը՝ Արման Սարգսյանը հանձնարարեց առանձնահատուկ ուշադրություն դարձնել անձնակազմի ֆիզիկական ու մարտական պատրաստականությանը: Առանձնապես կարևորվեցին տեղերում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտը, միջանձնային ու գործընկերային հարաբերությունները: Ստորաբաժանումների պետերին հանձնարարվեց անձնակազմին ծանրաբեռնել ըստ օպերատիվ անհրաժեշտության՝ գնահատելով տարածքի օպերատիվ իրավիճակն ու հանցագործությունների դինամիկան: Անդրադառնալով առանձին ծառայություններում առկա բացթողումներին ու կարգապահական խնդիրներին՝ Արման Սարգսյանր ընդգծեց՝ համակարգում պետք է լինեն մարդիկ, որոնք իրենց ծառայությամբ պատիվ են բերում ոստիկանությանը: Հանձնարարվեց նաև ընդլայնել սերտ համագործակցությունը իրավապահ մյուս կառույցների հետ: Անդրադառնալով ճանապարհային երթևեկության անվտանգությանը՝ Արման Սարգսյանը հանձնարարեց անհանդուրժող լինել յուրաքանչյուր կոպիտ խախտման նկատմամբ՝ ընդգծելով, որ յուրաքանյուր նման խախտում կարող է կյանք արժենալ, և խախտումների արձանագրումն ու համարժեք գնահատականի արժանացնելը նախևառաջ վարորդի, ուղևորների ու հետիոտնի կյանքի և առողջության պահպանմանն է ուղղված: Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը հույս հայտնեց, որ ոստիկանության բոլոր ծառայությունները կշարունակեն հետևողական աշխատանքը՝ հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու, կարգապահական ու ծառայողական կարգապահությունն ամրապնդելու ուղղությամբ՝ ի նպաստ օրենքի, ի նպաստ պետության:

Lragir.am,
19-10-2019 15:20