Նոր կուսակցություն Արցախում. Վաղվա Արցախի հեռանկարը

19-10-2019 16:38

Արցախում տեղի է ունեցել Վաղվա Արցախ կուսակցության համաժողովը: Կուսակցության անդամ Շիրակ Զաքարյանը, որ վարել է համաժողովը, ներկայացրել է ուսակցության ծրագիրն ու խնդիրները: Այդ մասին հայտնում է Արցախպրեսը: Նրա  խոսքով՝  կուսակցության  ծրագրում    ներառել  են   Արցախի  բնակչության   պաշտպանությունն  արտաքին  վտանգից,  բնակչության  իրավունքների   պաշտպանության, օրենքի  գերակայության  ապահովման, բնակչության  առողջության,   կրթության   և գիտության,  սոցիալական  ապահովության   մակարդակի   բարձրացման, արդյունավետ  հանրային  կառավարման,   տնտեսության   զարգացման   ապահովման,  կոռուպցիայի  դեմ  պայքարի,  մշակույթի  և  կրոնի, տարածքային  համաչափ   զարգացման,  շրջակա  միջավայրի  պահպանության  և  բնական  ռեսուրսների   ողջամիտ   օգտագործման, արտաքին քաղաքականության, Մայր   Հայաստանի  հետ    վերամիավորմանն  ուղղված   ինտեգրացիոն   պրոցեսների   խթանմանը   վերաբերյալ  մի  շարք  հարցեր: Կուսակցության   համահիմնադիր    Տիգրան   Պետրոսյանն  իր խոսքում  ասել է, որ   «Վաղվա Արցախ» կուսակցությունը     հանդես  է  գալիս   որպես   ինստիտուցիոնալ   հանրային-քաղաքական  կառույց, որի  գործունեության  հիմնական  նպատակն  է  առաջադիմական  լուծումների  և  բարեփոխումների միջոցով  կառուցել   իրավունքի   գերակայության  և  օրենքի  առաջ   յուրաքանչյուրի   հավասարության  վրա հիմնված  կայուն, անվտանգ  և  զարգացած   Արցախ,  որտեղ  մարդը   գերագույն  արժեք  է «Այդ  նպատակին  հասնելու  համար   կուսակցությունը   ձգտելու  է  արդարության, իրավունքի  և  օրենքի   գերակայության,  կանանց  և   տղամարդկանց    իրավահավասարության, ժողովրդավարության   հիման  վրա  ձևավորելու  է    կայացած  և  իրազեկ  քաղաքացիական հասարակություն:     Նման  հասարակության  ձևավորման  համար  անհրաժեշտ  է    հանրային   իրավագիտակցության  բարձրացում, որը  պետք  է  սկսվի  անհատի վերափոխումից:  Կուսակցության  գործունեությունը  հասարակության  հետ    նպաստելու է այդ  վերափոխմանը, հասարակության  քաղաքական  սկզբունքների  ձևավորմանն  ու  արտահայտմանը»,-մասնավորապես  ասել  է  Տ. Պետրոսյանը՝  նշելով, որ  կուսակցության  ստեղծման  գաղափարն  առաջացել է   Հայաստանում  տեղի  ունեցած    հեղափոխությունից  հետո: Մեզ  հետ   զրույցում     նա  ասել    է, որ   «Վաղվա Արցախ» կուսակցությունը    գալիք՝  2020  թվականին  կայանալիք    նախագահական    ընտրություններին  իրենք   թեկնածու  չեն  առաջադրելու,     բայց     կուսակցությունը    սատարելու    է   Մասիս  Մայիլյանին:  Վաղվա Արցախ» կուսակցության    նախաձեռնող   խմբի  անդամ  Վահրամ  Ղահրամանյանի  խոսքով՝  նոր   քաղաքական   կառույցը  կլինի      հավակնոտ, նպատակասլաց,  տոգորված    վաղվա  Արցախի  լուսավոր  ապագան  կերտելու     վճռականությամբ: «Կուսակցության  ստեղծումն  ինքնանպատակ  չէ: Արցախում  կան   նորաստեղծ  կուսակցություններ, որոնց    դերակատարությունն   Արցախի  հասարակական-քաղաքական  կյանքում  դեռևս  շոշափելի  չէ: Մեր  կուսակցությունն ունենալու  է  ընդգծված  ընդիմադիր   կեցվածք, որի      գործունեության   հիմնական նպատակներից  է   լինելու  մի  քանի  ընդիմադիր  կուսակցությունների  հետ  միասին   լրացնել  այն  բացը, որը   առկա  է   Արցախի   քաղաքական  դաշտում:  Մենք՝   «Վաղվա Արցախ» կուսակցության  հիմնադիր  անդամներս, գտնում  ենք, որ    գործող  իշխանությունները  լրիվությամբ  սպառել  են երկիրն  արդյունավետ   կառավարելու  իրենց  ներուժը  և  ձախողվել     բոլոր  ուղղություններով՝  անվտանգություն,  տնտեսություն,  իրավակարգ,  կադրային  քաղաքականություն, ենթակառուցվածքներ  և  այլն:  Այս  կերպ     ապրելը  հարիր   չէ   հերոսական    ժողովրդին: Պետք  է     օր  առաջ  ազատվել  պետությունը  և  հասարակությունը  կազմալուծող ձևականությունից, պատռել  կեղծիքի   քողը  և մտցնել  այնպիսի  իրականություն  ինչպիսին  կա»,-մասնավորապես  ասել  է  Վ.  Ղահրամանյանը:

Lragir.am,
19-10-2019 16:38