Ինչ կփոխի նոր ավիաընկերությունը. փորձագետն աղմկոտ նորության մասին

19-10-2019 17:03

Հայաստանյան ավիաշուկա մուտք գործած բյուջետային ավիաընկերության միջոցով կավելացվի եվրոպական երկրներից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը: Սակայն այնպիսի քաղաքականություն պետք է վարվի ոլորտում, որ բյուջետային ավիաընկերության մուտքով մրցակցային միջավայրը չխաթարվի: Lragir.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը՝ անդրադռանալով իռլանդական Ryanair լոուքոսթեր ավիաընկերության մուտքին հայկական շուկա: «Ամբողջ աշխարհում լոուքոսթեր և սովորական ավիափոխադրող ընկերությունները կողք-կողքի գործում են և մեկը մյուսին չի վնասում ու չի խանգարում: Մենք դեռ խորը չենք ուսումնասիրել, նոր ենք իմանում, որ Ryanair  ընկերությունը մուտք գործեց հայկական շուկա: Դա լավ է, բայց, օրինակ, իմ պատկերացմամբ, լավ կլինի, որ լոուքոսթերների օդանավակայանը լինի Գյումրիի օդանավակայանը: Շատ լավ է, որ Գյումրիից գոնե մեկ ուղղությամբ թռիչք կա, բայց լավ կլիներ, որ բոլորն էլ Գյումրիից լինեին: Բայց այս պայմաններում էլ, եթե դա այնպես է կազմակերպված, որ նպաստելու է մրցակցային շուկային, ընդհանրապես մրցունակ ավիափոխադրումներ ունենալու նպատակին, լավ է»,- ասաց Ապրեսյանը: Ըստ մասնագետի՝ համաշխարհային շուկայում Հայաստանի հասանելիության բարձրացման ուղղությամբ ցանակացած քայլ ու իրողություն դրական ազդեցություն է ունենում զբոսաշրջության վրա: «Հայաստանում կայուն զբոսաշրջության զարգացման ամենագլխավոր խնդիրներից մեկը մեր հասանելիությունն է, հիմնականում տրանսպորտային հասանելիությունն ու մատչելիությունը: Մենք նույնիսկ մեր հիմնական շուկաների հետ չունենք ուղիղ չվերթներ: Այսինքն՝ մրցունակ ավիափոխադրումներ ունենալու հարցը Հայաստանի համար շատ կարևոր հարց է: Դա կարևոր է նաև այն պայմաններում, որ Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է, ցամաքային սահմաննեից երկուսն էլ փակ են»,- ասաց Մեխակ Ապրեսյանը: Նրա խոսքով՝ հատկապես ուղիղ չվերթների ապահովումը Հայաստանի համար կարևոր շուկաներ հանդիսացող երկրների հետ, չափազանց կարևոր է: Ըստ Ապրեսյանի՝ ամբողջ աշխարհում լոուքոսթեր հանդիսացող ընկերությունները ապահովում են շատ մատչելի ուղևորափոխադրումները, ինչը զբոսաշրջային հոսքեր ապահովելու կարևոր միջոց է: Հայաստանի դեպքում Ryanair-ի մուտքով եվրոպական երկրներից զբոսաշրջային հոսքերի ավելացում կլինի: Բայց, ըստ մասնագետի, կարևոր է, որ ավելի շատ ուղղություններով լինեն թռիչքները: «Մենք ինչքան շատ ունենանք չվերթներ՝ դա կլինի սովորական փոխադրումներով, թե լոուքոսթերներով, մեզ համար դա շատ կարևոր է»,- ասաց նա: Նման քայլերի միջոցով մրցակցություն հնարավոր է բարձրացնել ոլորտում, բայց, ըստ Ապրեսյանի, ճիշտ քաղաքականություն պետք է վարվի: «Ճիշտ քաղաքականության  և այդ ամեն ինչ ճիշտ կազմակերպելու դեպքում, կարծում եմ, այո, մրցակցությունը կբարձրանա: Բայց այնպես չպետք է լինի, որ ընդհակառակը, մրցակցային միջավայր փչանա: Բայց կարծում եմ, այդպես չի լինի, այս ամենն այնպես խելամիտ է կազմակերպված, որ մրցակցությանը նպաստի»,- հավելեց մասնագետը: Ինչ վերաբերում է հարցին, թե հատկապես որ ուղղություններով Հայաստանից մատչելի թռիչքների պահանջարկ ու անհրաժեշտություն կա, Մեխակ Ապրեսյանը պատասխանեց, որ, օրինակ, Գերմանիան Հայաստանի համար հիմնական եվրոպական շուկաներից է, բայց այդ երկրի հետ ուղիղ թռիչքներ չունենք: Բյուջետային ավիաընկերության միջոցով դա արդեն կապահովվի: «Բայց կարևոր է, որ մեկ քաղաքից չլինեն թռիչքները, հիմնական մի քանի քաղաքներից լինեն: Շատ լավ է, որ արդեն Իտալիայից կան թռիչքներ, շատ լավ կլինի, եթե Ֆրանսիայից լինեն: Կաևոր է, որ մենք Սկանդինավյան երկրներից ունենանք ուղիղ չվերթներ, որովհետև դա շատ լավ շուկա է մեզ համար: Սականդինավյան երկրներից դեռևս ոչ մեծ քանակությամբ զբոսաշրջիկներ են այցելում Հայաստան, շատ գոհ վերադառնում են: Նրանք հայաստանյան արևը, ջերմությունը, խոհանոցը, մշակույթն ու պատմությունը գնահատող և լավ վճարունակ զբոսաշրջիկներ են: Շատ լավ կլինի, որ մենք սկանդինավյան շուկան կարողանանք գրավել: Իսկ դրա համար ուղիղ չվերթներն անհրաժեշտ են»,- նշեց Մեխակ Ապրեսյանը:

Lragir.am,
19-10-2019 17:03