ՀՀ ԱԳՆ-ն ողջունելի է համարում Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումը

20-10-2019 15:49

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումը և վստահություն հայտնում, որ ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Ուկրաինա 16 անդամ ունեցող բարեկամական խումբը և ուկրաինացի գործընկերները կգործադրեն առավելագույն ջանքերը ոչ միայն միջխորհրդարանական հարաբերությունները զարգացնելու, այլև երկու երկրների և ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերը և գործակցությունը զարգացնելու ուղղությամբ:  Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Ներկայացնում ենք հարցն ու պատասխանն ամբողջությամբ: Արմենպրես. Ինչպե՞ս է Հայաստանի արտաքին գերատեսչությունը գնահատում Ուկրաինայի Գերագույն Ռադայում հոկտեմբերի 18-ին Հայաստանի հետ միջխորհրդարանական բարեկամական խմբի ստեղծումը հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման հեռանկարի տեսանկյունից: Աննա Նաղդալյան. Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումն ողջունելի է: Վստահ ենք, որ ՀՀ Ազգային ժողովում գործող՝ պատգամավոր Հովհաննես Իգիթյանի գլխավորած Հայաստան-Ուկրաինա 16 անդամ ունեցող բարեկամական խումբը և ուկրաինացի գործընկերները կգործադրեն առավելագույն ջանքերը ոչ միայն միջխորհրդարանական հարաբերությունները զարգացնելու, այլև երկու երկրների և ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերը և գործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Համոզված ենք, որ հետագայում նույնպես Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության և հայ համայնքի, ինչպես նաև ուկրաինացի բարեկամների հետևողական աշխատանքը կլինի նույնքան արդյունավետ: Ուկրաինայի խորհրդարանում՝ Ռադայում, հոկտեմբերի 18-ին ստեղծվել է Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խումբ. այն գլխավորելու է իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավոր Արտեմ Դմիտրուկը: Խմբում ներառված է 12 պատգամավոր: 

Lragir.am,
20-10-2019 15:49