Հայաստանի «ջրային դարաշրջանը» դեռ նոր է մեկնարկում

20-10-2019 18:53

Lragir.am-ը ներկայացնում է հարցազրույցների շարք «մտքի առաջնորդների» հետ: Նախագծի նպատակն է մեդիա տիրույթում զարգացնել «մտքի առաջնորդության» սկզբունքը՝ հարթակ ստեղծելով տարբեր ոլորտների, տարբեր տեսակետների ու հայացքների տեր մարդկանց համար՝ արտահայտվելու նույն հարցերի առանցքի շուրջ: Նախագծի նպատակը խելացի ու տեսլական ունեցող մարդկանց բացահայտումն է ու Հայաստանի տնտեսական զարգացման նոր դիսկուրսների սահմանումը: Շարքը վարում է լրագրող Ռոզա Հովհաննիսյանը: Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի: Հարցազրույցներն անցկացվում են «ԼՈՖԹ» կենտրոնում: Մեր հյուրը վերլուծաբան, թուրքագետ Հայկ Գաբրիելյանն է: Հայկ, հայրենիք, թե մայրենիք և ինչո՞ւ: Կարծում եմ՝ արական սեռի ներկայացուցիչների գերակշիռ մասը կնախընտրի հայրենիք տարբերակը, քանի որ մեր երկիրն առաջին հերթին ընկալում ենք որպես մեր հայրերի, նախնիների թողած ժառանգություն: Այս առումով մենք այն փոքրաթիվ ժողովուրդներից ենք, ովքեր ծնվել, հազարամյակներով ապրել, արարել, պատմություն են կերտել իրենց ծննդավայրում՝ հայրենիքում: Համոզված եմ, որ մենք այսուհետ նույնպես շարունակելու ենք դարերով պատմություն կերտել Հայկական լեռնաշխարհում: Մի քանի բառով ինչպե՞ս կնկարագրեք ձեր մանկությունը, պատանեկությունը, երիտասարդությունը: Կյանքիս տվյալ շրջափուլերը անցել են բավական տարբեր դրսևորումներով ու տարբեր մակարդակի հաջողություններով, սակայն մի ընդհանուր բան կար այդ երեք շրջափուլերում էլ․ խոսքն անընդհատ սովորելու և նորը բացահայտելու ձգտումն է եղել՝ որպես զարգացման բնական պահանջ: Այդ երեք շրջափուլերը հիշում եմ որպես համեմատաբար անհոգ ժամանակաշրջան, երբ քեզանից մեծ հաշվով պահանջվում էր միայն մեկ բան՝ լավ սովորել, որպեսզի ապագայում կարողանաս իրականացնել հանրօգուտ աշխատանք: Այդ տարիների կարևոր շրջափուլ եմ համարում նաև զինծառայության տարիներն ու այդ ընթացքում կուտակածս փորձը: Առիթից օգտվելով՝ կցանկանայի շնորհակալությունս հայտնել ծնողներիս, հարազատներիս, կնոջս և ընդհանրապես բոլոր նրանց, ովքեր մշտապես հավատացել իմ ներուժին և զորակցել: Ո՞րն է կյանքի ձեր ամենակարևորը դասը կամ գուցե դասերը, որոնք քաղել եք: Թերևս կառանձնացնեի հետևյալը․ պետք է մշտապես կարողանալ դիմանալ կյանքի հարվածներին, հավատալ սեփական ուժերին, հենվել դրանց վրա, մշտապես ինքնակատարելագործվել և հաղթահարել ժամանակավոր դժվարությունները: Կարևորում եմ նաև սեփական շրջապատում այնպիսի մարդկանց ներկայությունը, որոնց խորհուրդները կարող են կյանքիդ ընթացքի վրա էական փոփոխություններ առաջացնել: Այդ մարդկանց համար կողքից երբեմն ավելի տեսանելի են լինում մեզանում առկա հսկա պոտենցիալը, քան դա կարող է թվալ հենց քեզ: Եվ իհարկե, բոլորին խորհուրդ եմ տալիս երբեք չհուսալքվել, պայքարել մինչև վերջ և այդ ճանապարհին ցուցաբերելով համբերատարություն՝ սպասել հաջողության պահին, որը, ներքին համոզմամբ, անպայմանորեն գալու է: Խոսենք կրթությունից Հայաստանում և արտերկրում, ի՞նչ խնդիրներ ունենք այս ոլորտում մենք: Կրթությունը բնականաբար չափազանց կարևոր ոլորտ է և, ինչու ոչ՝ մեր ազգի ուժեղ կողմերից է: Այսպիսի մի բան ասեմ․ մինչ վերջերս Թուրքիայում ունեինք միայն մեկ հայկական գյուղ, որը ցավոք սրտի արդեն զրկվել է գյուղի կարգավիճակից բնակիչների նվազման պատճառով: Խոսքը Վագըֆի մասին է, որի բնակիչների 99 տոկոսն ուներ առնվազն միջնակարգ կրթություն, և դա բացարձակ ռեկորդային ցուցանիշ էր Թուրքիայի բոլոր գյուղերի թվում: Ես ինքս, մեծանալով ուսուցիչների ընտանիքում, այս կյանքում իմ առաջին լուրջ ձեռքբերումները գրանցել եմ հենց դպրոցում՝ երկու տարի անընդմեջ (7-րդ և 8-րդ դասարաններ) շահելով Հայոց պատմության հանրապետական օլիմպիադաներ (դրա համար խորապես շնորհակալ եմ մորաքրոջս՝ Հայոց պատմության մեր ուսուցչուհուն), ինչը ոգևորիչ խթան հանդիսացավ հետագա ձեռքբերումներիս համար: 1997-2003թթ․ ուսանել եմ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում և հետևելով ներկայում այնտեղ դասավանդվող առարկաների թվաքանակի աճին ու դրանց աշխարհագրության ընդլայնմանը՝ պետք է փաստեմ, որ այժմ հսկայական առաջընթաց կա տվյալ ոլորտում: Ներկայում ուսանում եմ Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանում (PhD) և կարող եմ ասել, որ արտերկրում շատ ավելի ազատ կարող ես ընտրել ատենախոսությանդ թեման, ընդ որում՝ պարտադիր չէ, որ գիտական ղեկավարդ մասնագիտացած լինի հենց քո թեմայի (տվյալ դեպքում՝ Թուրքիայի ջրային քաղաքականության) գծով: Եվ վերջապես, գիտական ղեկավարը մշտապես հետևողական է, թե ինչ փուլում է գտնվում աշխատանքը և ուղղորդում է այդ աշխատանքը: Հայաստանում ներկա ուսանողների հետ շփումներս ցույց են տվել, որ այստեղ որոշակի խնդիրներ կան այս հարցերում, երբ ուսանողին մերժում են (ասենք, ատենախոսության) թեմայի հարցում, պարտադրում են ընտրել մեկ այլ թեմա, և դա այն դեպքում, երբ ուսանողը հետաքրքրված չէ այդ թեմայով: Իմ կարծիքով՝ նման դեպքերում ատենախոսություն գրելը դառնում է ինքնանպատակ, և ուսանողը ջանասիրաբար ձեռնամուխ չի լինում այդ աշխատանքը կատարելուն: Բացի այդ, խնդիրներ կան գիտական ղեկավարների կողմից ուսանողների հանդեպ ուշադրության, աշխատանքների ուղղորդման պակասի մասով: Կարծում եմ՝ այս ամենի պատճառը նաև երիտասարդ և ավագ սերունդների տեսլականների բախման հետևանք է, ինչը կշտկվի հետագայում: Խոսենք մեր հասարակությունից: Որպես հավաքական միավոր ինչպե՞ս կնկարագրեք այն: Ըստ իս՝ հայերիս շրջանում շատ մեծ է անհատականության դերը, մեր հասարակությունն ուժեղ է իր անհատներով, անգամ անհատական մարզաձևերում մենք ավելի մեծ հաջողությունների ենք հասնում, քան՝ թիմային մարզաձևերում: Եվ չնայած դրան, ես կասեի, որ մեր հասարակությունը դրա հետ մեկտեղ կարողանում է անհրաժեշտության դեպքում ներկայանալ հավաքական կերպարով (2016թ․ ապրիլյան թեժացում/պատերազմ): Արտաքին խոշոր վտանգի, պատերազմի առկայության պայմաններում մեր հասարակությունը կարողանում է մի կողմ դնել ներքին տարաձայնությունները, համախմբվել և հանդես գալ որպես հավաքական միավոր: Ցավոք սրտի, խաղաղ պայմաններում մեզանում ի հայտ են գալիս ներքին լուրջ խմորումներ, և արտաքին ուժերը կարող են փորձել պահը պատեհ համարել՝ մեր նկատմամբ ոտնձգություն իրականացնելու համար: Սակայն մենք մեր շարունակական հավաքական կերպարով պետք է հօդս ցնդեցնենք արտաքին ուժերի մոտ անգամ այդպիսի կասկածների ի հայտ գալը: Սովորաբար առողջացման համար անհրաժեշտ է լավ դիագնոստիկա, ուրեմն համառոտ ինչպե՞ս կսահմանեք մեր «դիագնոզը»: Բնականաբար, երբ հիվանդը հայտնվում է բժշկի մոտ, առաջին հերթին անհրաժեշտ է տալ տվյալ հիվանդի ճիշտ ախտորոշումը, քանի որ հակառակ դեպքում ամեն ինչ ընթանալու է սխալ ճանապարհով: Կարծում եմ՝ մենք դեռևս չենք լուծել մեր հասարակության խնդիրների ախտորոշման հարցը, ինչն էլ մեր ընթացիկ բազում խնդիրների հիմնական պատճառն է: Եվ այդ խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է առաջին հերթին ճշգրիտ ախտորոշում, պարզել հասարակության խնդիրների ակունքները, խոցելի տեղերը: Համոզված եմ, որ այդ խնդիրները գալիս են դեռևս դարերի խորքից, պետություն չունենալուց, օտարի լծի տակ ապրելուց, այդպիսի պայմաններում ձևավորված մտածելակերպից: Անհրաժեշտ է լուրջ ջանքեր գործադրել հասարակությանը կրթելու, նրա մտածելակերպը փոխելու ուղղությամբ՝ ինչու ոչ, աստիճանաբար սովորեցնելով ապրել օրենքի տառին համապատասխան: Իսկ դա բավական բարդ խնդիր է և լուծման համար պահանջում է տևական ժամանակ՝ թերևս անգամ սերնդափոխություն: Որո՞նք են այսօր Հայաստանի առջև ծառացած խնդիրները: Ի՞նչ անել՝ դրանք լուծելու համար: Ինչպե՞ս: Երիտասարդ ՀՀ-ի առջև ծառացած խնդիրները բազմոլորտ են, սակայն ժամանակային տեսանկյունից կան առաջնահերթ լուծումներ պահանջող խնդիրներ, քանի որ դա գոյատևման և ապագայի զարգացման լուրջ նախապայման է: Համարում եմ, որ ներկա փուլում մենք իսկապես գոյապայքարի մեջ ենք և ընդհանրապես վերապրում ենք 21-րդ դարում ամենադժվար ժամանակները՝ կապված մեր շուրջ տեղի ունեցող աշխարհքաղաքական զարգացումների հետ: Պետք է ունենալ հստակ «ճանապարհային քարտեզ», թե դեպի ուր ենք շարժվում և շարժվելու: Պետք է տարբեր ուղղություններով շարունակ ուժեղանալ, ունենալ ոչ միայն Ազգային անվտանգության ռազմավարություն, այլև ժամանակին համընթաց թարմացնել այն՝ հստակեցնելով, վերանայելով արտաքին ու ներքին սպառնալիքների ցուցակը: Ո՞րն է Հայաստանի դերը մեր տարածաշրջանում և ինչ պետք է անենք, որ ավելի ուժեղ լինենք: Ներկայում Հայաստանի դերը տարածաշրջանում բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով մեծ չէ, սակայն կա դա շտկելու լավ հնարավորություն: Քանի որ վերջին շրջանում իմ ուսումնասիրությունների կենտրոնում հայտնվել է ջուրը, ջրային խնդիրները և մասնավորապես Թուրքիայի ջրային քաղաքականությունը, ես տեսնում եմ, որ Հայաստանը (ներառյալ Արցախը) ունի բավական մեծ պոտենցիալ՝ տարածաշրջանում ջրային խաղացող և հիդրոդոնոր դառնալու համար: Փորձագետները կանխատեսում են, որ մոտ 20-30 տարի հետո աշխարհում լրջորեն սրվելու է ջրի խնդիրը, որն այսօր էլ բավական սուր է մոլորակի մի շարք շրջաններում (հատկապես սակավաջուր Մերձավոր Արևելքում), որ ապագա պատերազմները լինելու են արդեն ոչ թե նավթի, այլ՝ ջրի համար: Ի դեպ, եթե նավթն ունի այլընտրանք, ապա ջուրը չունի այլընտրանք: Ադրբեջանում արդեն իսկ մեկնարկել է «նավթային դարաշրջանի» անկումը (տարեցտարի Ադրբեջանում նվազում են նավթարդյունահանհման տեմպերը), մինչդեռ Հայաստանի «ջրային դարաշրջանը» դեռ նոր է մեկնարկում: Համոզված եմ, որ մոտ ապագայում Հայաստանը պետք է ասպարեզ իջնի ջրային հզոր խաղացողի կարգավիճակով, ինչը էապես կբարձրացնի նրա կշիռն ու պահանջարկը ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև նրա սահմաններից դուրս: Անհատնե՞ր, թե ինստիտուտներ, որ կողմ նայենք: Ամենևին էլ չթերագնահատելով անհատների կարևորությունը, արժանիքները, դերակատարությունը մեր հասարակությունում՝ ես բնականաբար կողմնակից եմ ինստիտուտների զարգացմանը: Թիմային աշխատանքը հիմնականում շատ ավելի արդյունավետ է, ինչպես ասում են՝ մի խելքը լավ է, երկուսն` ավելի լավ: Ժողովրդավարական ինստիտուտների կայանալը, հզորանալը, արդյունավետ գործելը մեր ապագա հաջողությունների գրավականներից է: Լինելով վերլուծաբան՝ չափազանց կարևորում եմ Հայաստանում վերլուծական ուժեղ դպրոցի առկայությունը, նորանոր «ուղեղային կենտրոնների» հիմնումը, դրանք որակյալ կադրերով համալրելը և նոր կադրեր աճեցնելը, նրանց համապատասխան պայմաններով ապահովելը: Ընդհանուր առմամբ մեզ անհրաժեշտ է ինստիտուցիոնալ հզորացում: Ո՞րն է մեր պարտավորությունը մեր հաջորդ սերնդների առաջ: Այսօրինակ դժվարին պայմաններում (գոյապայքար) հաջորդ սերունդների առջև մեր ամենամեծ պարտավորությունն եմ համարում մեր նորանկախ երկիրն առնվազն անկորուստ և ինչու ոչ՝ առավել հզորացած տեսքով նրանց հանձնելը և նաև պատգամելը, որ այդ գործընթացը կրի շարունակական բնույթ, որպեսզի յուրաքանչյուր նոր սերունդ նախորդ սերնդից ստանա ավելի հզոր Հայաստան: Ես հավատում եմ, որ մենք կարող ենք ունենալ շատ ավելի հզոր Հայաստան: Ի՞նչ եք անում դուք ամեն օր՝ Հայաստանը լավը դարձնելու համար: Բարդ հարց է, որը կարելի է բաժանել երկու մասի: Նախ որպես վերլուծաբան՝ տարբեր տեղերում շարունակ հրապարակում եմ վերլուծական հոդվածներ Թուրքիային առնչվող ամենավերջին զարգացումների վերաբերյալ, դրանցում ներկայացնում եմ տարածաշրջանային զարգացումներից Հայաստանին սպառնացող վտանգների մասին իմ տեսլականը, հանդես եմ գալիս կանխատեսումներով, իսկ որոշ դեպքերում էլ առաջարկում եմ մեզ համար ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր: Ժամանակ առ ժամանակ հանդես եմ գալիս նաև դասախոսություններով՝ ուսանողներին ներկայացնելով, թե ինչ է իրենից ներկայացնում Թուրքիան, թե ինչ կարելի է սպասել այդ երկրից: Այս ամենով իմ համեստ ներդրումն եմ ունենում Հայաստանում թուրքագիտության զարգացման մեջ, ինչն առանցքային ուղղություն է մեր երկրի համար: Իսկ որպես քաղաքացի՝ գործում եմ օրենքի տառին համահունչ, աշխատում եմ իմ կենսակերպով օրինակ ծառայել առաջին հերթին իմ շրջապատի համար (ասենք, որ աղբ չթափեն աղբամանից դուրս), մասնակցում եմ կամավորական աշխատանքների՝ շաբաթօրյակ, ծառատունկ և այլն: Մեզ պատմությունից հասել է տեղեկություն, որ Տիգրան Մեծի հայրենիքը՝ Ք. Ա. 95-55- ը, հայոց պատմության լավագույն  էջերից մեկն է եղել: Ո՞րն է «95-55»-ի ձեր կոնցեպտը: Նախևառաջ նշեմ, որ Տիգրան Մեծից մոտ 700 տարի առաջ մենք ունեցել ենք չորս ծովերի տերություն (Սև, Միջերկրական, Կասպից ծովեր և Պարսից ծոց)՝  Սարդուրի II-ի օրոք (Վանի թագավորություն), ինչը, չգիտես ինչու, մենք շատ չենք հիշատակում: Ինչ վերաբերում է արդեն Տիգրան Մեծի կառավարմանը, ապա դրանից մեր ամենամեծ եզրահանգումը, դասը, ըստ իս, պետք է լինի այն, որ տարածքներ գրավելը (ազատագրելը) քիչ է, դրանք պահելը շատ ավելի դժվար է: Մենք գիտենք, որ Տիգրան Մեծի կառավարման առաջին փուլում նրա տերությունը զգալիորեն ընդլայնվեց, սակայն երկրորդ փուլում սկսվեց հակառակ գործընթացը, և որ Տիգրան Մեծը չհասցրեց «Ծովից ծով Հայաստանը» փոխանցել անգամ իր զավակին՝ Արտավազդ II-ին: Ցավոք սրտի, ձեր մատնանշած հայոց պատմության լավագույն այս էջերից մեկը եղավ բավական կարճատև, ինչը և ապացուցում է առկա ձեռքբերումների պահպանման հարցում համապատասխան ռազմավարություն ունենալու անհրաժեշտությունը և կարևորությունը: Մեկ այլ դաս պետք է լինի պահի ըմբռնման (ասենք՝ գերտերությունների դիրքորոշումների փոփոխման) և իրատեսության (իրավիճակին սթափ նայելը, արկածախնդրությունների հետևից չընկնելը) զգացողությունը չկորցնելը, ինչը կարող է ողբերգական հետևանքների հանգեցնել: Մի երգ ասեք կամ YouTube-ի հղումը տվեք: Ի՞նչ լսել այս զրույցը կարդալուց հետո և ինչո՞ւ: Ես խորհուրդ կտայի հետևել հայագետ, մաթեմատիկոս Վաչագան Վահրադյանի հետազոտական գործունեությանը՝ միտված հայկական հնագույն հետքերի հայտնաբերմանն ու վերծանմանը: Առաջարկում եմ դիտել Պորտաբլուրի վերաբերյալ այս հաղորդումը, որում նա առաջ է քաշում և հիմնավորում այն վարկածը, որ Պորտաբլուրի իրական տարիքը ոչ թե 12․000, այլ՝ 18․000 տարի է, ինչը վկայում է, որ քաղաքակրթության զարգացման առաջին խոշոր նվաճումները եղել են Հայկական լեռնաշխարհում: Մեր ազգի և ընդհանրապես մնացյալ աշխարհի համար չափազանց կարևոր է անցյալի այս նվաճումների մասին իրազեկ լինելը: Հարցազրույցների շարքն իրականացվում է «Գալաքսի» ընկերությունների խմբի աջակցությամբ, ընկերության սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում

Lragir.am,
20-10-2019 18:53