ՌԴ ԱԳՆ-ն ձայնակցեց Ալիեւին. Ինչն է անհանգստացրել Մոսկվային

20-10-2019 23:07

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կրկին անդրադարձել է Գարեգին Նժդեհին հարցին: Ճեպազրույցի ժամանակ նա պատասխանել է ՌԴ Արմավիր քաղաքում ստեղծված իրավիճակի մասին հարցին, որտեղ տեղի բնակիչները պահանջում են հայկական եկեղեցուց հանել Նժդեհի պատվին դրված հուշատախտակը, եւ նրանց այդ հարցում խոստացել է աջակցել ՌԴ Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովը: Զախարովան նշել է, որ տեղյակ չէ հենց այդ կոնկրետ իրավիճակից: «Եթե այդ հարցն ավելի գլոբալ ուսումնասիրենք, ապա, իմ կարծիքով, անհրաժեշտ է այն պատմական տեսակետից դիտարկել: Մենք արդեն այդ մասին մեր կարծիքը հայտնել ենք: ՌԴ ԱԳՆ-ի դիրքորոշմանը կարելի է ծանոթանալ հաստատության կայքում տեղադրված համապատասխան զեկույցում: Այդ գնահատականն արդիական է», նշել է նա: ՌԴ ԱԳՆ բացասական գնահատականը եղավ այն բանից հետո, երբ Երեւանում տեղադրվեց Նժդեհի արձանը: Համարվում է, որ նա համագործակցել է նացիստական Գերմանիայի հետ եւ ստեղծել հայկական լեգեոն: Պետական-գաղափարախոսական ճգնաժամում գտնվող Ռուսաստանում ներկայում տեղի է ունենում Հայրենական պատերազմի «սակրալացման» ու այդ վակուումը լցնելու փորձ: Ընդ որում, Մոսկվայում գրեթե խուսափում են Երկրորդ աշխարհամարտ եզրից, ինչը հասկանալի է: Երկրորդ աշխարհամարտի համար Խորհրդային Միությունը հավասարապես պատասխանատու է նացիստական Գերմանիայի հետ: Այն սկսվեց Մոլոտով-Ռիբենտրոպ պակտից, որին ՌԴ ԱԳՆ-ում ծիծաղելի արդարացում-բացատրություն են տվել՝ իբր այդպիսով կանխել կամ հետաձգել են Գերմանիայի հարձակումը, խուսափելով մեծ զոհերից: Սա ոչ միայն ծիծաղելի բացատրություն է, այլեւ լիովին հակասում է իրականությանը: Բանն այն է, որ գերմանական բանակի ստեղծման հարցում Մոսկվան ունեցել է վճռական դեր՝ մատակարարելով ոսկի, մետաղ, սննդամթերք, իր բազաները տրամադրելով գերմանացիներին: Գերմանացի օդաչուներն ու այլ ռազմական մասնագետներ պատրաստություն էին անցնում Խորհրդային Միությունում: Գերմանացիներին նաեւ հայտնի էին դառնում խորհրդային բանակի իրական վիճակն ու կարեւորագույն օբյեկտների տեղաբաշխումը, ինչը հետագայում հեշտացրեց հարձակումը: Ծանոթ իրավիճակ է, անցյալ դարի 20-ական թվականների սկզբից, երբ Ռուսաստանը նույնկերպ օգնում էր Առաջին աշխարհամարտում պարտված Թուրքիային, որին էլ նվիրաբերվեցին հայկական տարածքները 1921 թ. պայմանագրերով: Հայտնի փաստ է, եւ արժե նշել, որ Հիտլերը մինչեւ Երկրորդ աշխարհամարտի թեժացումը լայն համակրանք էր վայելում Եվրոպայում՝ Մադրիդից մինչեւ Լոնդոն, Անկարայից մինչեւ Մոսկվա: Նժդեհի թեման Աշգաբադում ԱՊՀ երկրների ղեկավարների հավաքին բարձրացրեց Ալիեւը, որին կոշտ հակադարձեց Նիկոլ Փաշինյանը: Նա մասնավորապես ասաց, որ Նժդեհը կռվել է թուրքերի դեմ: Կարելի էր նաեւ հիշեցնել, որ թուրքերը նացիստական Գերմանիայի դաշնակիցն էին: Թվում է՝ հենց այստեղ է խնդրի մեկ այլ, մեզ համար թերեւս խորքային կողմը: Բանն այն է, որ վերը հիշատակված երկու դաշինքները՝ 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրերն ու 1939 թ. սովետա-գերմանական պակտը խոշոր տարածքային (առաջին դեպքում) ու մարդկային կորուստներ արժեցան հայերին: Հատկանշական է, որ այս երկու դրվագում էլ ուղիղ կամ անուղղակի առկա է Նժդեհի անունը, ով կազմակերպել է Զանգեզուրի պաշտպանությունը ռուս-թուրքական բանակների հարձակումից: ԱՊՀ վերոհիշյալ հավաքից հետո Ալիեւն արդեն Բաքվում, թյուրքալեզու երկրների հավաքին խոսել է Զանգեզուրի մասին: «Զանգեզուրի հանձնումը Հայաստանին` աշխարհագրական տեսակետից պառակտեց թյուրքական աշխարհը: Այդ տեսակետից Թյուրքական խորհուրդ ստեղծելու մասին որոշման ընդունումը Նախիջեւանում խորհրդանշական իմաստ ունի ողջ թյուրքական աշխարհի համար», ասել է նա: Այս ֆոնին, հետաքրքիր է, որ ՌԴ Պետդումայի՝ ադրբեջանամետ հայացքներով հայտնի պատգամավոր Կալաշնիկովը խոստացել է հայկական եկեղեցուց հանել Նժդեհի հուշատախտակը: Հիշվում է՝ տարիներ առաջ Սոչիում թույլ չտվեցին տեղադրել Զորավար Անդրանիկի արձանը: Եվ հարց է առաջանում՝ արդյոք միակ խնդիրը Նժդեհի «նացիստական գործունեության հանգամանքն» է, որից փորձում է օգտվել Ալիեւը, թե խնդրի արմատն ավելի խորն է՝ ռուս-թուրքական պակտի անկատարությունը Զանգեզուրի պատճառով:

Lragir.am,
20-10-2019 23:07