Թրամփի հայկական թնջուկը

21-10-2019 09:32

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում գրել է, որ իր եւ Հանրապետական կուսակցության վարկանիշը հատել է 50 տոկոսի սահմանագիծը: Նա գրել է, որ եթե չլիներ ավանդական ԶԼՄ-ների ֆեյք լուրերը եւ վհուկների որսը, Հանրապետական կուսակցության վարկանիշը կհասներ 75 տոկոսի: Թրամփը հակամարտության մեջ է ավանդական ԶԼՄ-ների հետ եւ Թվիթերը համարում է իր միակ զենքը: Նրա գրառումը փորձագետները համարում են Թրամփի ու Հանրապետական կուսակցության հաշտության վկայություն: Բանն այն է, որ կուսակցության վերնախավը զգալի մասով դեմ է եղել Թրամփին եւ նախագահական ընտրություններում աջակցել է դեմակրատական թեկնածու Հիլարի Քլինթոնին: Ներկայում դեմոկրատները ուժեղ թեկնածու չունեն, եւ ըստ փորձագետների՝ նրանք փորձում են նախաձեռնել իմփիչմենթի գործընթաց, քանի որ Թրամփի վերընտրության հնարավորությունները մեծանում են: ԱՄՆ առաջատար ԶԼՄ-ների մեծամասնությունը նույնպես դեմ է Թրամփին: ԱՄՆ ներքաղաքական պայքարը ընտրության շեմին հետաքրքիր է նաեւ հայկական խնդիրների տեսանկյունից: Բանն այն է, որ Կոնգրեսում հայկական խումբը հիմնականում դեմ է Թրամփին, ավելին, Թրամփի իմփիչմենթը նախաձեռնել են հենց հայկական խմբի ամենահայտնի կոնգրեսականները, մասնավորապես՝ Ադամ Շիֆը: Թրամփը հայտարարել է, որ պետք է իմփիչմենթի ենթարկել հենց Շիֆին: Հետաքրքիր է, որ Կոնգրեսի հայկական խումբը նաեւ ակտիվ ընդգրկված է այսպես կոչված հակառուսական խմբում, որը կողմ է Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներին: Թրամփին այս խումբը բազմիցս մեղադրել է Ռուսաստանի հետ ստվերային գործարքների համար: ԱՄՆ նախագահի ընտրությունից առաջ ԱՄՆ հայկական կազմակերպությունների ու հայ ընտրողների համար առաջացել է նման թնջուկ: Հետաքրքիր է, թե հայերն ինչպես են քվեարկել նախորդ ընտրությանը, երբ նախագահ դարձավ Թրամփը: Առավել եւս Թրամփ-Պուտին «գործակցության» վերաբերյալ սկանդալային պնդումների համատեքստում: Առավել եւս նկատի առնելով այն հանգամանքը, որ Թրամփը չի խոստացել ճանաչել ցեղասպանությունը:

Lragir.am,
21-10-2019 09:32