Յուրաքանչյուրի կրթական մակարդակը ամեն հաջորդ օր պետք է թեկուզ մի փոքր ավելի բարձր լինի. Փաշինյան

21-10-2019 10:29

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար կրթությունը շարունակական գործընթաց է: «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի ամենամյա համաժողովի  շրջանակում Ստեփանավանից 11-րդ դասարանցի Էդիկ Նազարյանի հետ զրուցում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ յուրաքանչյուրի կրթական մակարդակը ամեն հաջորդ օր թեկուզ մի փոքր ավելի բարձր լինի, քան նախորդ օրը: «Շատերը կրթություն ասելով հասկանում են ժամանակաշրջան, որը սկսվում է, ենթադրենք, առաջին դասարանից կամ նախակրթարանից և ավարտվում է համալսարանում: Ինձ համար կրթությունը շարունակական պրոցես է, և այդ է պատճառը, որ հիմա մենք քննարկում ենք մեր երկրում ռազմավարական տեսլական: Այնտեղ մի կետ ունենք և հույս ունենք դա մեր երկրի համար իրականություն դարձնել. դա ձևակերպում ենք հետևյալ կերպ՝ կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ Հայաստանի Հանրապետությունում: Ի՞նչ նկատի ունենք մենք սա ասելով: Նկատի ունենք, որ մարդու կրթությունը պետք է շարունակվի ողջ կյանքում: Ես նաև այսպիսի կարգախոս եմ առաջարկել, որ մեզնից յուրաքանչյուրի կրթական, ինտելեկտուալ մակարդակը ամեն հաջորդ օր թեկուզ մի փոքր ավելի բարձր լինի, քան նախորդ օրը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ասաց վարչապետը: Նա հավելեց, որ կրթություն ասելով նկատի չունի, որ պետք է միայն ակադեմիական գիտելիքներ ձեռք բերել, որովհետև ամեն ինչ կրթություն է: «Կրթություն է խոսելը, կրթական զարգացման կարիք ունի խոսելու, շփվելու ձևը: Դա վերաբերվում է բոլորին՝ սկսած արհեստավորից ավարտած արվեստագետով, պետական պաշտոնյաներով և այդպես շարունակ»,- ասաց ՀՀ վարչապետը:

Lragir.am,
21-10-2019 10:29