Միացյալ Նահանգներում անտառային հրդեհների դեմ պայքարող Սմոքի արջը կայցելի Հայաստան

21-10-2019 10:47

Իր առաջին միջազգային ուղևորության շրջանակում այս շաբաթ Հայաստան կժամանի Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենաերկարատև հեռարձակվող սոցիալական գովազդի կերպարը՝ Սմոքի արջը`  շարունակելու անցանկալի, տեխնածին հրդեհների մասին իրազեկման իր առաքելությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: Սկսած 1944 թվականից՝ Սմոքի արջը մեկնարկել է անտառային հրդեհների կանխարգելման արշավ, ինչը զգալի ազդեցություն է ունեցել ԱՄՆ-ում: Ինչպես Սմոքի արջի քաջածանոթ կերպարը (գլխին՝ ռենջերի գլխարկ, հագին՝ գոտիով կապույտ ջինս, ձեռքին՝ բահ), այնպես էլ նրա միակ հստակ ուղերձը («Միայն դու կարող ես կանխել անտառային հրդեհները») հաղթահարել են յոթ տասնամյակից ավելի ժամանակի փորձություն: Իր աշխատանքային փայլուն գործունեության ընթացքում Սմոքի արջը հանդիպել է բազմահազար մանուկների և նրանց փոխանցել հրդեհների կանխման վերաբերյալ հիմնավոր գիտելիքներ : Նա հանդիպումներ է ունեցել նաև նախագահների և կինոաստղերի, այդ թվում՝ Ջոն Ֆ. Քենեդու և Առնոլդ Շվարցենեգերի հետ՝ էլ ավելի ազդեցիկ դարձնելով իր ուղերձը: Սմոքի արջի շնորհիվ ամերիկացիների մի քանի սերունդ լավատեղյակ է կործանարար հրդեհների ճնշող մեծամասնության առաջացման պատճառին, որն է անզգույշ վարքագիծը, ինչպես օրինակ` ճամբարային խարույկի պատշաճ կերպով չմարելը կամ մեծահասակների կողմից այրվող ծխախոտի մնացորդը ավտոմեքենայի պատուհանից դուրս նետելը: Սմոքի արջի հայտնի կարգախոսն անգիր գիտի ԱՄՆ-ի մեծահասակ բնակչության 96 տոկոսը: Բացօթյա հանգստի սիրահարների 75 տոկոսը, ճանաչելով Սմոքի արջին, կարծում է, որ նա ընդօրինակելի կերպար է երեխաների համար: Գտնվելով Հայաստանում՝ Սմոքի արջը, ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի և ԱՄՆ Անտառային ծառայության ներկայացուցիչների ուղեկցությամբ, հանդիպումներ կունենա ինչպես երեխաների, այնպես էլ պետական պաշտոնյաների հետ, կայցելի Երևանում և դրա մերձակայքում գտնվող անտառապատ տարածքներ՝ հանրությանը ուսուցանելու, թե ինչպես պետք է սիրել բնությունը և պաշտպանել Հայաստանի անտառապատ տարածքներն ու վայրի բնությունը: Տեսնենք՝ արդյո՞ք կհաջողվի ձեզ հանդիպել Սմոքի արջին քաղաքի փողոցներում և նրա հետ տոնել իր ծննդյան 75-ամյակը: Սմոքի արջի և անտառային հրդեհների կանխարգելման մասին ավելին իմանալու համար այցելե՛ք  www.smokeybear.com կայք և հետևե՛ք Սմոքի արջին ֆեսբուքում, ինստագրամում և թվիթերում #SmokeyBear75 և #OnlyYou  հեշթեգերով: ### Սմոքի արջի վերահսկման պատասխանատու գերատեսչությունն է ԱՄՆ Անտառային ծառայությունը` Պետական անտառապահների ազգային ասոցիացիայի և Գովազդային խորհրդի հետ համագործակցությամբ: Անտառային ծառայությունը սպասարկում է 193 միլիոն ակր ազգային անտառածածկ և խոտածածկ տարածքներ՝ հանուն ամերիկյան հանրության: Նրա առաքելությունն է պահպանել անտառածածկ և խոտածածկ տարածքների անխաթարությունը, բազմազանությունն ու արտադրողականությունը ներկա և ապագա սերունդների կարիքները բավարարելու նպատակով: ԱՄՆ Անտառային ծառայությունը Հայաստանում իր գործունեությունն է ծավալում 2010 թվականից՝ տարեցտարի իրականացնելով շարունակական ծրագրեր: ԱՄՆ-ի Անտառային ծառայությունը, համագործակցելով քաղաքացիական հասարակության և կառավարության հետ, աշխատանքներ է կատարում Հայաստանում բնական ռեսուրսների կառավարման մի շարք հիմնահարցերի լուծման ուղղությամբ այդ թվում` անտառային հրդեհների կառավարման և անտառապատման ու անտառների վերականգնման ոլորտներում:

Lragir.am,
21-10-2019 10:47