Իշխան ձկան վերականգնման ոլորտում 2 մլրդ դրամ է փոշիացվել

21-10-2019 11:09

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված՝ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի և վերջինիս կողմից հիմնադրված «Սևանի իշխան» և «Սևան ակվա» ՓԲ ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ փաստաթղթերը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ հիմնադրամի և ընկերությունների կանոնադրական նպատակների իրականացման համար 2013-2018թթ. ՀՀ պետական բյուջեից հատկացվել է շուրջ 9 մլրդ դրամ, որի մի մասը տարատեսակ գործարքների և սխեմաների կիրառմամբ կամ յուրացման, վատնման եղանակով հափշտակվել է, կամ փոշիացվել անհիմն ու աննպատակ ծախսերի միջով: Մասնավորապես, «Սևանի իշխան» ՓԲ ընկերության կողմից կնքված պայմանագրով 2015թ. նոյեմբեր ամսին մատակարարվել է 180 մլն դրամի 200.000 հատ մանրաձուկ, որը, սակայն, մնացել է մատակարարման վայրում՝ Գյումրիում, մանրաձկան գործարանը և ցանցավանդակային տնտեսությունները դեռևս շահագործման համար պատրաստ չլինելու պատճառով: Արդյունքում՝ մատակարար ՍՊԸ-ի հետ կնքվել է պահատվության պայմանագիր, և վերջինիս վճարվել է հավելյալ ևս 151.2 մլն դրամ, իսկ ձեռք բերված 200.000 հատ մանրաձկից կենդանի է մնացել միայն 99.772-ը՝ ինչի արդյունքում մանրաձկան մեկ կգ-ի ինքնարժեքը կազմել է 13.896 դրամ՝ կողմերի միջև կնքված պայմանագրով նախատեսված 5.000 դրամի փոխարեն: Բացի այդ, 2014-2017թթ. ընթացքում մատակարարվող մանրաձկների համար դուրս գրված հարկային հաշիվների, տեղափոխման փաստաթղթերի, տեղափոխող տրանսպորտային միջոցի երթուղային թերթիկների, մատակարար ընկերության մանրաձկան ելքի և մուտքի գրանցամատյանի տվյալների համեմատությամբ պարզվել է, որ 68.3 մլն դրամի մանրաձկան տեղափոխման երթուղային թերթիկներ և 273.1 մլն դրամի մանրաձկան ելքագրման վերաբերյալ տեղեկատվությունն առկա չէ, իսկ հաշվապահական փաստաթղթերի համաձայն՝ ցանցավանդակային տնտեսություն տեղափոխված մանրաձկան քանակը 32612 կգ-ով (291.9 մլն դրամ արժեքով) ավելի է, քան փաստացի ափից 8 կմ հեռավորության վրա նավով ցանցավանդակներ տեղափոխած՝ հանձնման-ընդունման ակտերով ներկայացված ծավալները: 2016թ. դեկտեմբերին «Սևան ակվա» ՓԲԸ և ուկրաինական ընկերության միջև կնքվել է 319 հազ. ԱՄՆ դոլար (154.7 մլն դրամ) արժեքով կատամարանի կառուցման պայմանագիր, մինչդեռ նախապես գնման հայտով հաստատվել է գնման գործընթացի իրականացում, ինչի արդյունքում վճարումներն իրականացվել են առանց ապրանքն ընդունելու: Բացի այդ, համաձայնագրերով պայմանագրի գինը դարձել է 470 հազ. ԱՄՆ դոլար, իսկ մատակարարման ժամկետը 3 անգամ երկարացվել է՝ 180 օրից դառնալով 555 օր և վերջնաժամկետը սահմանվել է 17.03.2019թ.-ը: Պարզվել է, որ տեխնիկական բնութագրերի փոփոխությունների, կատամարան ջրի մեջ իջեցնելու և ՀՀ տեղափոխելու համար ուկրաինական ընկերությանը անհիմն վճարվել է ընդհանուր 110 հազար ԱՄՆ դոլար (53.3 մլն դրամ), այն դեպքում, երբ մատակարարը վերոգրյալ ծախսերը պետք է հոգար ընդհանուր պայմանագրային արժեքի շրջանակներում: Ընդ որում, ուկրաինական ընկերությանը 234 մլն դրամ վճարելու պայմաններում՝ կատամարանը 17.03.2019թ.-ին չի տեղափոխվել ՀՀ տարածք, իսկ ՓԲ ընկերության ծառայողների կողմից որևէ միջոց չի ձեռնարկվել, կամ գումարները հետ ստանալու, կամ կատամարանը փաստացի ստանալու ուղղությամբ: Պարզվել է նաև, որ 2017թ. ապրիլ ամսին ցանցավանդակների վնասման պատճառով «Սևան ակվա» ՓԲ ընկերությունն ունեցել է 425 մլն դրամ կենսաբանական ակտիվների (ձկան փախուստ) և 97 մլն դրամի հիմնական միջոցների (պանտոնի և ցանցավանդակի դետալների) կորուստ: ՓԲ ընկերության ներկայացրած տեղեկության համաձայն՝ ձմռան ամիսներին Սևանա լիճը սառել է, ուժեղ քամու պատճառով սառցաշերտի տեղաշարժման արդյունքում ցանցավանդակները վնասվել են և տեղի է ունեցել ձկների զանգվածային փախուստ: Մինչդեռ, ցանցավանդակային ձկնարդյունաբերության ոլորտում լճի սառցակալումը համարվում է կանխատեսելի ռիսկ, և «Սևանի իշխանի ցանցավանդակային տնտեսության համար սարքավորումների և գույքի» ինժիներատեխնիկական բնութագրում նշվել են հստակ ուղեցույցներ և սառցակալման դեպքում գործողությունների հաջորդականություն: Սակայն ՓԲ ընկերության պատասխանատուների կողմից համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել: Պարզվել է նաև, որ Կարճաղբյուր համայնքում վերամշակման գործարանի կառուցման նպատակով «Սևանի իշխան» ՓԲԸ և մեկ այլ ընկերության միջև կնքված պայմանագրով ծախսվել է ավելի քան 733 մլն. դրամ, սակայն աշխատանքներն ավարտին չեն հասցվել, և 2016թ.-ից ի վեր գործարանի շենքը գտնվում է կիսակառույց վիճակում ու որևէ նպատակով չի օգտագործվել: «Սևանի իշխան» ՓԲ ընկերության խորհրդի որոշմամբ՝ որպես գովազդային արշավի բաղկացուցիչ մաս հիմնվել և 2015թ. նոյեմբերից 2017թ. մարտ ամիսը Երևան քաղաքի Սարյան փողոցում գործել է «Պեպո» խանութ-խորտկարանը, որի գործունեության համար ընդհանուր առմամբ կատարվել են 129.6 մլն դրամի ծախսեր: Մինչդեռ գործունեության ամբողջ ընթացքում հաշվեգրվել է ընդամենը 32.3 մլն դրամի եկամուտ: Պարզվել են առերևույթ հանցավոր այլ չարաշահումներ ևս: Ընդհանուր առմամբ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված նյութերը պարունակում են տվյալներ «Սևանի իշխան» և «Սևան ակվա» ՓԲԸ-ների պատասխանատու ծառայողների կողմից 2014-2019թթ. ընթացքում իրենց կարգադրիչ կամ այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ և իրենց կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու՝ ընկերությունների շահերին հակասող գործարքներ իրականացնելու, փաստաթղթեր կեղծելու, իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 1 մլրդ դրամի բյուջետային միջոցները վատնելու կամ հափշտակելու, շուրջ 1.3 մլրդ դրամի վնասներ հասցնելու միջոցով ծանր հետևանքներ առաջացնելու վերաբերյալ: Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նշված փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 214-րդ հոդվածի 2-րդ մասի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Lragir.am,
21-10-2019 11:09