Հայաստանյան երգչախումբն առաջին անգամ հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի կենտրոնակայանի սրահում

21-10-2019 11:27

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի կենտրոնակայանի սրահում իրականացվեց լայնամասշտաբ համերգային ծրագիր, որը նվիրված էր մեծանուն Կոմիտասի 150-ամյա հոբելյանին: Երեկոյին փայլուն կերպով հանդես եկավ Հայաստանի պետական կամերային երգչախումբը: Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ՝ երգչախումբն արտերկրի ունկնդրին ներկայացրեց հանճարեղ կոմպոզիտորի հարուստ խմբերգային ժառանգությունը: Պատմական այս համերգին որպես մենակատարներ հանդես եկան Նվարդ Ալոյանը /դաշնամուր/, Սոֆյա Սայադյանը /սոպրանո/, Ռազմիկ Բաղդասարյանը /տենոր/, Վրեժ Ղարիբյանը /տենոր/, Արմեն Գրիգորյանը /բաս/, Հովհաննես Գրիգորյանը /բարիտոն/, Մավր Մկրտչյանը /բարիտոն/: «Կոմիտասը մարդկային բացառիկ հատկանիշների կրող էր: Որպես հայկական ազգային երաժշտության դպրոցի հիմնադիր՝ նա իր սեփական ոճն էր կերտել, որը յուրահատուկ է համաշխարհային երաժշտության պատմության մեջ: Նրա ստեղծագործությունների հետազոտությունը կարևոր է ոչ միայն հայկական, այլև մյուս ազգերի երաժշտության ուսումնասիրության համար: Կոմիտասը մեծ աշխատանք է իրականացրել տարածաշրջանին հատուկ մեղեդիները հավաքագրելու և համեմատելու գործում: Նա ներդրել է այսպես կոչված «երաժշտական բարբառներ» երևույթը՝ ցույց տալով, թե ինչպես է միևնույն մեղեդին մատուցվում տարբեր շրջաններում: Այսօր Կոմիտասի խմբերգային, վոկալ և դաշնամուրային գործերը ընդգրկված են շատ հայ երաժիշտների երգացանկում: Նրա յուրահատուկ ստեղծագործությունների նկատմամբ օտարերկրացի կատարողների հետաքրքրությունը նույնպես գնալով մեծանում է: Այդ մարդկանց թիվը մեծ է՝ Ֆրանսիայից Ճապոնիա, ԱՄՆ-ից Ռուսաստան»,-Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգին իր ելույթում ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ով ևս պատմական համերգի ականատեսն էր: Լեփ-լեցուն դահլիճը հոտնկայս ու բուռն ծափահարություններով է ընդունել հայաստանյան երգչախմբի համերգը: Ի դեպ, սա առաջին դեպքն էր, երբ հայաստանյան երգչախումբը հանդես էր գալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի կենտրոնակայանի սրահում, ինչն էլ էլ ավելի մեծ նշանակություն էր հաղորդում իրադարձությանը: Հավելենք նաև, որ հոկտեմբերի 20-ին Վարդապետի հոբելյանի կապակցությամբ Հայաստանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում անցկացվեց հոգևոր երաժշտության համերգ:

Lragir.am,
21-10-2019 11:27