Նիկոլ Փաշինյանի որդեգրած թավշյա մեթոդները դատարանների դեպքում չեն արդարացնում

Մեր զրուցակիցն է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը Պարոն Միսկարյան, նախորդ շաբաթ ՍԴ-ն հրապարակեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ չընդունելու որոշումը: Ինչպես եք գնահատում այն: Ի սկզբանե պարզ էր, որ այդպես էլ կլինի: Կարծում եմ որոշ մարդկանց կողմից միամտություն էր ՍԴ-ից այլ բան սպասելը: Պարզից էլ պարզ էր, որ Սահմանադրական դատարանը որպես նախկին ռեժիմի մնացուկ ու նախկինների հետ բազմաթիվ կապերով շաղկապված կառույց պիտի առավելագույնս ձգտի պահպանել իր դիրքերը: Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին ԱԱԾ կանչելը նախորդ իշխանության ներկայացուցիչներին ստիպեց անգամ ակցիա իրականացնել: Նրանք նշում են, որ այս բոլոր քայլերը ուղղորդված են: Ինչպե՞ս եք գնահատում: Հրայր Թովմասյանի հետ փոխկապակցված անձանց ԱԱԾ հրավիրելու մեջ ես հակաօրինական ոչինչ չեմ տեսնում: Հրայր Թովմասյանը նրանց անունով իր գույքն ու ունեցվածքը գրանցելուց առաջ պիտի մտածեր դրա մասին: Ինչ վերաբերում է «ակցիային», ապա դա ամբողջովին մտնում է նախորդ մտքի տրամաբանության մեջ: Հանցագործ ռեժիմի սպասավորների մոտ հիմնավոր վախեր կան, որ մի օր էլ «այդ ուղտը իրենց բակում է չոքելու»: Բնական է, որ ինչ որ ձևով փորձում են կանխել այդ պրոցեսը: Առհասարակ, արդյոք Հրայր Թովմասյանի հրաժարականով ՍԴ խնդիրը կլուծվեր և հանրությունը այդ կառույցի նկատմամբ վստահությունը կվերգտներ: Ցավոք, ՍԴ ճգնաժամը չի սկսվում և չի ավարտվում Հրայր Թովմասյանով: Սահմանադրական Դատարանը որպես ինստիտուտ կայացած չէ, և նրա անդամների մեծամասնությունը աշխատում և աշխատել են էն համակարգի տրամաբանության մեջ, որը իրենց նշանակել է այդտեղ իր` համակարգի շահերը պահելու համար: Հնարավոր չէ կեղծված ընտրություններն ու հանրաքվեները լեգետիմացնողներով ունենալ իրավամբ առողջ ու իր իրական նպատակին ծառայող, անաչառ Սահմանադրական դատարան: Կարծում եմ ՍԴ-ի հարցը համալիր, ամբողջական լուծում է պահանջում: Ընդհանրապես, դատաիրավական բարեփոխումներին միտված իշխանության քայլերը որքանո՞վ են արդյունավետ: Պետք է փաստել, որ այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանի որդեգրած թավշյա մեթոդները դատարանների դեպքում չեն արդարացնում, եթե չասենք` տապալված են: Դատական ամբողջ համակարգը մնում է հին տրամաբանության մեջ: Գուցե դատավորները հիմա կաշառք չեն վերցնում, բայց դա դատական համակարգում նվազագույնն է: Կոռուպցիոն կապերն ու կոմպրոմատների ինստիտուտը շարունակում է մնալ որպես բարձր ռիսկային գործոն: Անկախ դատարաններ ունենալու համար նախ հարկավոր է ունենալ անկախ դատավորներ: Մենք դա դեռևս չունենք:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
21-10-2019 11:33