Աղմկոտ հրաժարականի արձագանքը

Ֆեյսբուքում «ինքնաբուխ» ալիք է առկա, կապված Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սահրատ Պետրոսյանի հրաժարականի դիմումի հետ: Ալիքի մասնակիցները վարչապետ Փաշինյանին հորդորում են չստորագրել Պետրոսյանի դիմումը: Պետրոսյանին գնահատում են իբրեւ լավ պաշտոնյա, որը բավական արդյունավետ է ղեկավարել կառույցն ու ոլորտը: Ինքը Պետրոսյանը հրաժարականի մասին հայտարարության մեջ խոսում էր կառավարության ոլորտային քաղաքականության հետ համաձայն չլինելու, միաժամանակ այդ քաղաքականությունը փոխելու հարցում անկարող լինելու մասին: Խոսքը ոչ միայն կադաստրի, այլեւ լայն՝ քաղաքաշինության ոլորտի մասին էր: Պետրոսյանը նաեւ կոնկրետ մեղադրում էր քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար, փոխվարչապետ Ավինյանի ներկայիս խորհրդական Ավետիք Էլոյանին եւ քաղշինկոմիտեի ներկայիս ղեկավար Վահագն Վերմիշյանին, որին նույնպես համարում են Ավինյանի ներկայացրած «կադր»: Այլ կերպ ասած, Սարհատ Պետրոսյանը փաստացի հայտնում էր անհամաձայնությունը փոխվարչապետ Ավինյանի հետ: Տիգրան Ավինյանն ի պատասխան հայտարարել էր, որ Կադաստրի եւ քաղաքաշինության ոլորտները պետք է տարբերակել, եւ Սարհատ Պետրոսյանը չի էլ պատկերացնում քաղաքաշինության ոլորտի խնդիրները: Այլ կերպ ասած, Ավինյանը լրագրողների հետ զրույցում ակնարկել է, որ Սարհատ Պետրոսյանը փորձել է ազդել մի ոլորտի քաղաքականության վրա, որի խնդիրները իր ոլորտի դիրքից այդքան էլ լավ չի պատկերացնում: Միեւնույն ժամանակ, Սարհատ Պետրոսյանը հայտարարել էր, որ այլեւս չի կարող հանդուրժել կոռումպացված թայֆայականությունը: Դրա վերաբերյալ Տիգրան Ավինյանը լրագրողներին հորդորել էր հարցերն ուղղել Պետրոսյանին: Այն, որ կառավարության տարբեր գերատեսչությունների միջեւ ծավալվում է ազդեցության պայքար, հատկանիշ է, որ պետական կառավարման համակարգերին բնորոշ է ամենատարբեր երկրներում: Սակայն, երբ հնչում է մեղադրանք կոռուպցիայի հիշատակումով, այստեղ արդեն իրավիճակը ասոցացվում է քրեական օրենսգրքի հետ, ըստ այդմ ենթադրում է պատասխանատվության եւ կոնկրետության որոշակի աստիճան: Օրինակ, Ամուլսարի հարցում ամիսներ առաջ բռնկված աղմուկի համատեքստում մի քանի անձինք համացանցում եւ այլուր հայտարարեցին, որ կառավարության դիրքորոշման հարցում կոռուպցիա կա: Հետո, երբ գլխավոր դատախազությունը այդ անձանց հրավիրեց բացատրություն տալու, նրանք հայտարարեցին, որ փաստեր չունեն, իսկ կոռուպցիայի մասին էլ խոսել են առանց կոնկրետության: Այդ իրողությունը Հայաստանում խոսքի հանդեպ պատասխանատվության ճգնաժամի հատկանիշ է, որը ծածկվում էր նախկին իշխող համակարգի լեգիտիմության ճգնաժամով: Նախկին համակարգի հասցեին հնչում էին ամենատարբեր մեղադրանքներ, բայց դրանց առումով չէր լինում պատասխանատվություն ենթադրող քայլ: Երկու պատճառով՝ նախ կյանքը իր պարզ պատկերով այդ մեղադրանքների ապացույց էր դղյակների, շքեղ հանգստավայրերի եւ այլնի տեսքով: Մյուս կողմից, լեգիտիմության ճգնաժամը առավել չսրելու համար նախկին իշխանությունը չէր էլ գնում օրենքի ֆորմալ կիրառումով (չէ՞ որ «թղթերով ամեն ինչ կարգին» էր ) պատասխանատվության: Այդպիսով թե գիտակցության, թե ենթագիտակցության, անգամ հոգեբանության մակարդակում լեգիտիմանում էր կոռուպցիայի համար մեղադրանքի պատասխանատվությունից զերծ «ինստիտուտը»: Օրվա ընդդիմությունները դա ոչ միայն չէին դիտարկում խնդիր հետագայի համար, երբ իրենք կլինեին իշխանություն, այլ դիտարկում էին նույնիսկ իշխանության գալու հարցում հուսալի խաղաքարտերից մեկը: Այժմ, նոր իշխանությունն աստիճանաբար ավելի ու ավելի հաճախ է բախվում խնդրին, ինչը պայմանավորված է մի շարք սոցիալ-հոգեբանական եւ տնտեսա-քաղաքական հանգամանքների օբյեկտիվ ու սուբյեկտիվ բերումով: Ի՞նչ լուծում է գտնվելու այստեղ՝ խոսքի համար կոնկրետ պատասխանատվության տիրույթում, այն պարագայում, երբ լուծումները կարծես թե որեւէ դեպքում չեն կարող լինել «ունիվերսալ» պոպուլյար:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
21-10-2019 22:32