Կայացել է աշխատաժողով պոլիքլորացված բիֆենիլներ տնօրինող կազմակերպությունների համար

21-10-2019 22:52

Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) կողմից համատեղ իրականացվող «Օզոնային շերտը քայքայող նյութերի և  Կայուն օրգանական աղտոտիչների հեռացման համակարգված կառավարման տարածաշրջանային ցուցադրական ծրագիր Ուկրաինայում, Բելառուսում, Ղազախստանում և Հայաստանում» ծրագրի ներքո կայացել է ուսուցողական աշխատաժողով ՊՔԲ-ներ (պոլիքլորացված բիֆենիլներ) տնօրինող կազմակերպությունների համար՝ այդ նյութերը պարունակող յուղերի և սարքավորումների հաշվառման, նմուշառման  և մակնշման վերաբերյալ: Ինչպես հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ կարևորել է ՊՔԲ պարունակող յուղերի հեռացման խնդիրը, ինչը «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայով ստանձնած պարտավորություններից մեկն է: Դասընթացն անցկացրել է Չեխիայի Հանրապետության Բռնո քաղաքի  Մազարիկի համալսարանի Շրջակա միջավայրի տոքսիկ նյութերի ուսումնասիրման գիտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Իվան Հոլոբեկը: Ուսուցողական աշխատաժողովին մասնակցել են «ՀԷՑ» ՓԲԸ-ի  և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի տարբեր մասնաճյուղերի, «Հրազդան ՋԷԿ», «Երևանի ՋԷԿ», «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ների համապատասխան մասնագետները:

Lragir.am,
21-10-2019 22:52