Ամերիկյան արջը Երեւանի փողոցներում. ինչ գիտե նա Խոսրովի մասին

Առաջիկայում Հայաստան է այցելելու անտառային հրդեհների դեմ պայքարի արդեն 75-ամյա մասնակից, ամերիկյան Սմոքի արջը: Սմոքին առաջին միջազգային ուղեւորությունն է սկսում, որի շրջանակում նա լինելու է Հայաստանում եւ անտառային հրդեհների դեմ պայքարի շրջանակում ուսուցողական հանդիպումներ է ունենալու երեխաների, տարբեր հանրային շրջանակների ներկայացուցիչների հետ: Սկսած 1944 թվականից՝ Սմոքի արջը մեկնարկել է անտառային հրդեհների կանխարգելման արշավ, ինչը զգալի ազդեցություն է ունեցել ԱՄՆ-ում: Ինչպես Սմոքի արջի քաջածանոթ կերպարը (գլխին՝ ռենջերի գլխարկ, հագին՝ գոտիով կապույտ ջինս, ձեռքին՝ բահ), այնպես էլ նրա միակ հստակ ուղերձը  («Միայն դու կարող ես կանխել անտառային հրդեհները») հաղթահարել են յոթ տասնամյակից ավելի ժամանակի փորձություն, տեղեկացնում է Սմոքիի հայաստանյան այցի մասին հաղորդագրությունը: Անտառային հրդեհները չարիք են ամբողջ աշխարհում: Հայաստանում այդ երեւույթը չափազանց ցավագին դրսեւորվեց 2017 թվականի ամռանը, երբ մոտ մեկ շաբաթ այրվում էր Խոսրովի անտառ-արգելոցի մի հատվածը, իր թանկարժեք բուսատեսակներով: Անտառային հրդեհները հանրային ուշադրության էին արժանացել նաեւ ընթացիկ տարում: Դրանք բավականին տարածված էին, եւ ըստ տարբեր գնահատականների, պատճառը ոչ միայն չոր եղանակն էր, անձրեւների բացակայությունը, այլ նաեւ որոշակի դիտավորություն: Անգամ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն էր լրագրողների հետ զրույցում նշել, որ անտառային հրդեհները նաեւ որոշ անձանց դիտավորության արդյունք են: Օրերս էլ մամուլում տեղեկություն հայտնվեց, թե անտառային հրկիզումներ իրականացնողներից են նաեւ մարդիկ, որոնց արգելվել է անտառհատումը: Իրավապահ տիրույթում առայժմ չկա դիտավորությամբ անտառը հրկիզելու առնչությամբ որեւէ գործ: Չկա՞ն տվյալներ, թե՞ իրավապահները լրջորեն չեն զբաղվում այդ գործով, քանի որ ծանրաբեռնված են բազմաթիվ այլ գործերով: Քրեական գործ էր հարուցվել Խոսրովի արգելոցի հրդեհի կապակցությամբ, որը 2017-ի ամռանը մեկ շաբաթ լարվածության մեջ էր պահում Հայաստանը, երբ չէր հաջողվում մարել կրակը, մինչեւ եկավ ջրցան օդանավը Ռուսաստանից: Ամիսներ անց ԱԺ ամբիոնից բնապահպանության այն ժամանակվա նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ ամերիկացի գործընկերները տվել են արբանյակային լուսանկարներ, որոնցում երեւում է, որ Խոսրովի հրդեհը առաջացել է միաժամանակ երեք տարբեր օջախներից, որոնք միմյանցից գտնվել են բավականաչափ հեռավորության վրա: Կարո՞ղ էր միաժամանկա երեք օջախը լինել պատահականություն, զուգադիպություն: Հարցի պատասխանը պետք է տար քննությունը: Արծվիկ Մինասյանի հայտարարությունից մոտ 5 ամիս անց Աղվան Հովսեփյանի գլխավորած Քննչական կոմիտեն՝ 2018 թվականի մարտին հայտարարեց Խոսրովի հրդեհի քրգործը փակելու մասին: Լսե՞լ է ամերիկյան Սմոքի արջը Խոսրովի հրդեհի մասին, եւ կարո՞ղ է ունենալ արբանյակային այլ տվյալներ, որոնք հայտնի չեն Հայաստանի հանրությանը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
21-10-2019 23:34