Կհրապարակենք և կտեղեկացնենք մեր հետագա քայլերը. Մակունց

22-10-2019 13:35

ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակին ու Արսեն Բաբայանի ձերբակալությանը: Ըստ Մակունցի՝ պատգամավորները Արսեն Բաբայանի ձերբակալության մասով առարկություններ չեն կարող ունենալ այս փուլում, եթե իրավապահները գտնում են, որ գործի քննության, հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ է ներգրավել նրան: «Այդ հարցը բացառապես իրավական հարթության մեջ է»,- ասաց նա: Հարցին, թե հետագայում ի՞նչ քայլեր է պատրաստվում անել ԻՄ քայլը խմբակցությունը՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար, Մակունցը պատասխանեց, որ Սահմանադրական դատարանն ըստ էության պատասխան չի տվել ԱԺ կողմից բարձրացված այն մտահոգություններին, որոնք պետք է փարատվեին կամ հաստատվեին: «Այսինքն՝ առկախված են մնացել այն բոլոր մտահոգությունները, որոնք կային մեր նախագծում: Եվ փոխարենը ՍԴ-ն որոշում է կայացրել, դրանով ԱԺ նկատմամբ, իմ գնահատմամբ՝ ՍԴ կողմից դրսևորվել է անհարգալից վերաբերմունք»,- ասաց Մակունցը: Նա հավելեց, որ իրենց գործողությունները շարունակելու են մնալ, ինչպես նախկինում: «Մենք մեր առաջ խնդիր չէինք դրել այս նախագծով լուծելու ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամը: Մենք դրա մասին արդեն իսկ հայտարարել ենք: Մենք շարունակելու ենք մեր այն պլանով, որը ներկայացված է նախարարության կողմից ռազմավարական փաթեթով, բայց միաժամանակ, ԱԺ-ն չի սահմանափակվելու միայն Դատաիրավական համակարգում բարեփոխումներ իրականացնելու այդ փաթեթով: Կհրապարակենք և կտեղեկացնենք մեր հետագա քայլերը»,- հավելեց նա:

Lragir.am,
22-10-2019 13:35