Կառավարությունն ամեն ինչից խոսում է, բայց երբ կոնկրետ մեղադրանք կա, չեն պատասխանում. Էդմոն Մարուքյան

22-10-2019 13:43

ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձավ տեղեկությանը, որ վարչապետի որոշմամբ գաղտնի բարձրացվել են նախարարների աշխատավարձերը: Մարուքյանն ասաց, որ ինքը դեմ չէ, երբ լավ աշխատողին պարգևավճար են տալիս: «Ես գաղտնիության պրոցեսի հետ կապված պրոբլեմ ունեմ, որ դա արվել է գաղտնի: Իրենք պատասխանում են, որ ընթացակարգը գաղտնի է արվում: Սա ուղղակի խայտառակություն է, որովհետև եթե մի բան արվում է, դա պետք է արվի բաց ու հրապարակային»,- ասաց նա: Ըստ Մարուքյանի՝ բոլորն էլ հասկանում են, որ որպեսզի նախարարը չլինի կոռումպացված, պետք է ստանա նորմալ աշխատավարձ: «Հիմա մենք երկու ճանապարհ ունենք՝ կամ պետք է գան խորհրդարան, սանդղակը փոխեն և գործակիցները ավելանցնեն, կամ պարգևավճարներով վճարեն այդ աշխատավարձերը: Երկու պարագայում էլ ես կողմ եմ, բայց չի կարելի դա անել գաղտնի: Ինչի՞ վրա եմ ես ապշած, երեկվանից սա շրջանառվում է, կառավարությունից արձագանք չկա: Ամեն ինչից խոսում են, բայց երբ կոնկրետ մեղադրանք կա իրենց հասցեին, չեն պատասխանում»,- ասաց նա: Էդմոն Մարուքյանն ասաց, որ բյուջետային համակարգի հետ կապված խնդիր կա այստեղ: Խորհրդարանն ի դեմս իրենց համապատասխան միջոցներ կձեռնարկի այդ գաղտնի ընթացակարգը բացահայտելու և հանրությանը ներկայացնելու համար: «Չի կարող ժողովրդին պատկանող գումարը գաղտնի ընթացակարգերով ծախսվել, եթե խոսքը չի գնում ազգային անվտանգության և պաշտպանական ծախսերի մասին: Ավելին ձեզ ասեմ, երբ ժամանակին Տիգրան Սարգսյանը ուղղաթիռով վոյաժներ էր արել, օրենքը բերեցին և փակեցին, որ չերևար ինչքան գումար է ծախսել, ինչ մեքենաներ են գնում իրենց համար, այդ նախագիծը մենք բերեցինք, որ այստեղ հետ փոխենք, հեղափոխությունից հետո իրենք մերժեցին: Սրանք ինդիկատորներ են, նայեք՝ ոնց են մարդկիկ ժամանակի ընթացքում շատ արագ դեֆորմացվում, սա լուրջ պրոբլեմ է»,- հավելեց Էդմոն Մարուքյանը:

Lragir.am,
22-10-2019 13:43