Հայաստանում արձանագրվել է կարմրուկի բերովի դեպք

22-10-2019 15:39

Հայաստանում հոկտեմբերի 21-ին արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի բերովի դեպք: Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, հիվանդը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 6-ին Ռուսաստանի Դաշնությունից: Կլինիկական երևույթներն ի հայտ են եկել հոկտեմբերի 15-ին՝ ջերմության բարձրացումով, իսկ հոկտեմբերի 21-ից սկսել է մարմնի ցանավորում: Հիվանդը հոկտեմբերի 20-ին դիմել է «Արաբկիր» Բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ, կատարվել է լաբորատոր հետազոտություն և հիվանդի մոտ հաստատվել է կարմրուկ,  հիվանդը տեղափոխվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց: Հիշեցնենք՝ Հայաստանում կարմրուկի առումով իրավիճակը կայուն է, սակայն տարվա սկզբից գրանցվել է լաբորատոր հաստատված բերովի յոթ դեպք, որոնք համաճարակաբանորեն կապվում են Ուկրաինայի, Վրաստանի և Ռուսաստանի հետ: Կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ  հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային երևույթներով: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով: Նշենք՝ պատվաստումներն ամենաանվտանգ և արդյունավետ հանրային առողջապահական միջոցառումներ են, որոնց շնորհիվ յուրաքանչյուր տարի միլիոնավոր կյանքեր են փրկվում: Այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ առնվազն երկու դեղաչափ պատվաստում, հորդորում ենք դիմել տեղամասային պոլիկլինիկա և պատվաստվել:

Lragir.am,
22-10-2019 15:39