Հայաստանը պետք է ձգտի դառնալ արագ սովորողների երկիր. հրապարակվել է մրցունակության ազգային զեկույցը

22-10-2019 16:03

Հայաստանը պետք է ձգտի դառնալ արագ սովորողների երկիր և այս տեսլականով առաջնորդվի ծավալվող համաշխարհային անորոշությունների պայմաններում: Այս մասին նշվում է Հայաստանի ազգային մրցունակության յոթերորդ զեկույցում «Աշխատատեղերի ապագան Հայաստանում» խորագրով, որը հրապարակել է «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաձայն զեկույցում առկա տվյալների, գործազրկության, միգրացիայի և ներառականության առանցքային մարտահրավերները հասցեագրելու համար անհրաժեշտ է թիրախավորել ՀՆԱ-ի աճի ավելի բարձր տեմպ: Զեկույցը համապարփակ վերլուծում է Հայաստանի տնտեսական կատարողականն ու մրցունակությունը՝ զբաղվածության միտումների և կառուցվածքային փոփոխությունների տեսանկյունից: Զեկույցը վերլուծում և հասցեագրում է աշխատաշուկայի մարտահրավերները, կառուցվածքային փոփոխությունները և ստեղծված հնարավորությունները: «Աշխատատեղերի ապագան Հայաստանում» խորագրով զեկույցի համաձայն Հայաստանում ավելի արագ և ներառական տնտեսական աճ ապահովելու համար անհրաժեշտ է զբաղվածության ընդլայնում: Հայաստանում գործազրկության բարձր մակարդակը և աշխատանքային միգրացիան հանգեցրել են աշխատանքային ռեսուրսների զգալի կրճատման: 2017 թվականին աշխատունակ շուրջ 560 հազար մարդ չի մասնակցել տնտեսական արժեքի ստեղծմանը, արդյունքում, ՀՀ-ում մոտ 55 տոկոսով պակաս համախառն ավելացված արժեք է թողարկվել: Զեկույցում դիտարկվել է տնտեսական զարգացման և աշխատատեղերի աճի 3 սցենար՝ իներցիոն, արագացված և բեկումնային: Իներցիոն աճի սցենարը, որը ենթադրում է տնտեսական զարգացման պատմական տեմպերի շարունակում, Հայաստանում զգալի թվով աշխատատեղերի ստեղծում չի նախատեսում: Արագացված աճը կբերի կառուցվածքային գործազրկության վերացման, իսկ գործազրկության մակարդակը կնվազի՝ մեկ տասնամյակում հասնելով համարյա բնական մակարդակի: Սա ապահովելու համար անհրաժեշտ է ՀՆԱ-ի 7-7.5 հաստատուն տարեկան աճ: Հայաստանում արագացված տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժերը կլինեն արդյունաբերության և ծառայությունների ոլորտները: Կանխատեսվում է աշխատատեղերի թվի անկում գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ոլորտներում, իսկ ծառայությունների, վերամշակող արդյունաբերության և շինարարության ոլորտներում ակնկալվում է աշխատատեղերի թվերի ավելացում: Բեկումնային սցենարում հիմնական ռիսկը աշխատատեղերի զանգվածային կրճատումն է: Ըստ ուսումնասիրությունների աշխատուժի որակավորման, կրթական համակարգի առաջարկի և աշխատաշուկայի պահանջների միջև առկա է էական խզում: Հայաստանում ձեռնարկությունների ղեկավարների հարցումները փաստում են առաջիկա 5 տարվա բեկումնային տեխնոլոգիաների, մասնավորապես, մեծ տվյալների, թվային առևտրի և ամպային տեխնոլոգիաների ներդրման մասշտաբայնացում: 2030 թվականին աշխատուժի միայն 27 տոկոսը կլինեն աշխատաշուկա նոր մուտք գործողները, իսկ ամենամեծ մասնաբաժինը կկազմեն այս պահին ֆորմալ կրթության ցիկլն արդեն ավարտածները: Զեկույցում առկա վերլուծությունների համաձայն՝ Հայաստանին՝ տաղանդի և ներդրումների մրցակցության մեջ համաշխարհային մակարդակով առանձնանալ կարող է օգնել մարդկային կապիտալը: Զեկույցն առաջարկում է ռազմավարական նախաձեռնությունների 25 տարբերակ, որոնք կարող են իրականացնել Հայաստանի հանրային և մասնավոր հատվածները:

Lragir.am,
22-10-2019 16:03