Փայլանը` թուրք նախարարին. «Ինչպե՞ս կպարզաբանեք կանգառներում ատելություն քարոզող պաստառների առկայությունը»

22-10-2019 16:27

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում խոսել է Թուրքիայի կանգառներում ցուցատախտակների վրա փակցված ազգային և կրոնական ատելության քարոզ պարունակող պաստառներից: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը: Քոնիայի կանգառներում տեղադրված հայտարությունների ցուցատախտակների վրա պաստառներ են փակցվել, որտեղ գրված է. «Մի ընկերացեք հրեաների և քրիստոնեաների հետ: Նրանք մեկը մյուսին են ընկեր: Ով ձեզնից ընկեր դառնա նրանց, ուրեմն, նա էլ է նրանցից մեկը: Ալլահը ճիշտ ճանապարհի վրա չի դնի անիրավների համայնքին»: Այս պաստառների հեղինակներն են «Անատոլիայի երիտասարդական միությունը» և «Երիտասարդական ազգային հիմնադրամը»: Փայլանը թեմայի շուրջ գրավոր հարցում է ուղարկել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին` պահանջելով պարզաբանել, թե ինչպես են փակցվել այդ պաստառները: Հայ պատգամավորը հետևյալ հարցերն է ուղղել Սուլեյման Սոյլուին. 1. Քոնիայի քաղաքապետարանին պատկանող կանգառներում պաստառներ են փակցվել, որոնք ռասիզմ և ատելության քարոզ են պարունակում: Ինչպե՞ս կպարզաբանեք: 2. Մինչև այդ պաստառների փակցնելը դրանք ուսումնասիրվե՞լ են Քոնիայի քաղաքապետարանի կողմից: 3. Ձեր նախարարության կողմից հետաքննություն սկսվե՞լ է քաղաքապետարանի այն աշխատակիցների նկատմամբ, որոնք համաձայնություն են տվել այդ պաստառները փակցնելուն: 4. Ձեր նախարարությունը հետաքննություն սկսե՞լ է «Անատոլիայի երիտասարդական միության» և «Երիտասարդական ազգային հիմնադրամի» նկատմամբ, որոնք ատելության քարոզ են իրականացրել: 5. Ձեր նախարարությունը քաղաքային իշխանություններում ինչպիսի՞ աշխատանքներ է իրականացնում ատելության խոսքն արգելելու համար: 6.  Ատելության քարոզի տարածման տեսանկյունից չե՞ք կարծում, որ դուք էլ եք այն մարդկանց թվում, ովքեր իրենց ազդեցությունն ունեն ատելության խոսքի հաճախակի օգտագործման մեջ: Թուրքիայում   «Մարդու իրավունքների միության» (İHD) համանախագահ Էրեն Քեսքինն էլ հայտարարել է, որ ռասիզմի պատճառով հանցագործության մասին հաղորդում են ներկայացնելու վերոհիշյալ կազմակերպությունների դեմ: Նշենք, որ այդ կազմակերպությունները համարվում են Թուրքիայի իշխող կուսակցության և ազգայնական «Երջանկություն» կուսակցության երիտասարդական թևը:

Lragir.am,
22-10-2019 16:27