Վիճակագրական կոմիտեն պարզաբանել է շինարարության և շինանյութի արտադրության ցուցանիշները

22-10-2019 16:56

Չնայած որ, ՀՀ վիճակագրական կոմիտեն սույն թվականի հուլիսի 15-ին պարզաբանում էր ներկայացրել շինարարության և շինանյութի արտադրության ցուցանիշներին, սակայն վերջին օրերին մամուլում նորից անդրադարձ եղավ՝ այս անգամ 2019թ. հունվար-օգոստոսի ցուցանիշներին առ այն, որ ինչպե՞ս կարող է շինարարությունը նշված ժամանակաշրջանում աճի 4.4%-ով երբ ապրանքային բետոնի արտադրության ծավալը նվազել է 12%-ով: Եվս մեկ պարզաբանում ստանալու նպատակով «Արմենպրես» լրատվական գործակալությունը դիմեց ՀՀ վիճակագրական կոմիտեի շինարարության վիճակագրության բաժնի պետ Մարիամ Պետրոսյանին: – Նախ ինչպես նշեցիք, հարցին առավել մանրամասն պարզաբանում ներկայացվել է սույն թվականի հուլիսի 15-ին (տես  https://armenpress.am/arm/news/.html հղումը): Ընդհանրապես ինչպես նշված էր նախորդ պարզաբանման մեջ շինարարության ծավալը (թողարկումը) բացի ցեմենտից, ամրաններից, բետոնից, քարից ու բազում այլ արտադրատեսակներից ներառում է բազմաթիվ այլ բաղադրիչներ շինմոնտաժային այդ թվում՝ ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ, սարքավորանք, գործիք, գույք, այլ աշխատանքներ և ծախսեր, դրանից՝ ճարտարապետաշինարարական նախագծում: Տարբեր ժամանակահատվածներում դրանց տեսակարար կշիռները կարող են տարբերվել, երբեմն էլ էապես, ինչի արդյունքում բետոնի արտադրության նվազման պայմաններում անգամ շինարարության թողարկումը կարող է աճել: Հարկ է նշել, որ բետոնի արտադրության ծավալները տարբեր ժամանակահատվածներում կարող են էապես տարբերվել նաև կախված տվյալ ժամանակահատվածում իրականացվող շինարարության ոլորտային առանձնահատկություններից: Այսպես, օրինակ՝ ճանապարհային շինարարության մեջ բետոնը հիմնականում օգտագործվում է Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրում, իսկ մյուս ճանապարհային շինարարության ծրագրերում դրա տեսակարար կշիռը շատ փոքր է: Էներգետիկայում բետոնի օգտագործումը նշանակալի է շինարարության սկզբնական փուլում: Նույնը բնութագրական է նաև բնակարանային շինարարությանը: Ընդ որում, բնակարանային շինարարության մեջ ներքին և արտաքին հարդարման աշխատանքների արժեքային ծավալներն առավել մեծ տեսակարար կշիռ ունեն քան շինարարության սկզբնական փուլում օգտագործվող բետոնի ծավալը:

Lragir.am,
22-10-2019 16:56