Ինչպես է աշխատելու եկամուտների հայտարարգման ինստիտուտը

22-10-2019 17:47

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն այսօր խորհրդարանում հրավիրած ասուլիսում անդրադարձավ Լուսավոր Հայաստան խմբակցության նախագծերին, որոնք մերժվեցին խորհրդարանական մեծամասնության կողմից: Նախագծերը հիմնականում վերաբերում են հիպոթեկին ուղղվող եկամտային հարկի վերադարձին: Նախագծերից մեկը վերաբերում է քաղաքացիաիրավական պայմանագրերով եկամտային հարկի փոխհատուցմանը, Լուսավոր Հայաստանն առաջարկում է, որ այդ պայմանագրերով էլ լինի եկամտահարկի հետվերադարձ: Թունյանն ասաց, որ վարձու աշխատողների դեպքում գործում է այդ վերադարձը, Լուսավոր Հայաստանն առաջարկում է, որ այդ համակարգից օգտվեն նաև քաղիրավական պայմանագրով աշխատողները: Սակայն իշխանության տեսակետը տարբերվում է այդ քաղաքականությունից: «Մենք ասում ենք՝ ճիշտ եք ասում, այն մարդիկ, ովքեր աշխատում ու հարկ են վճարում, այդ մարդկանց պետք է հնարավորություն տանք արտոնությունից օգտվել: Եվ մենք ասում ենք՝ կներդրվի համատարած հայտարարագրման ինստիտուտը, ըստ այդմ արդեն ավելի արդյունավետ կլինի»,- ասաց նա: Ըստ Բաբկեն Թունյանի՝ պետությունը ոչ թե ուզում է հրաժարվել եկամտաին հարկի վերադարձի ծրագրից, այլ համակարգի աշխատեցման մեխանիզմն են կատարելագործելու: «Ինչ է նշանակում եկամուտների համատարած հայտարարագրում: Ամեն մարդն ինքը հայտարագրում է, թե տարվա ընթացքում ինչքան եկամուտ է ստացել ամենատարբեր աղյուրներից: Օրինակ՝ տարվա ընթացքում ստացել է մեկ միլիոն դրամ եկամուտ: Հետո հայտարարագրում է, թե ինչ ծախսեր է կատարել կրթության, մշակույթի, սնունդի վրա: Ասենք՝ ինքն ստացել է մեկ միլիոն դրամի եկամուտ և մեկ միլիոն դրամի էլ ծախս է կատարել: Պետությունը սահմանելու է առաջնահերթություն համարվող որոշում՝ կրթություն և այլն: Եվ այն ծախսերը, որոնք կատարվել են այդ ուղղությամբ, այսինքն՝ եթե պարզվի, որ նա 300 հազար դրամը ծախսել է պետության կողմից առաջնահերթ համարվող ուղղություններով, այդ թվում՝ կրթություն, առողջապահություն և այլն, այս մեկ միլիոն դրամ եկամտից այդ 300 հազար դրամը հանում ենք, ասում ենք՝ սրա համար ձեզանից հարկ չենք ուզում, բերեք այս 700 հազար դրամից հարկ վճարեք: Այսինքն՝ ոչ թե հարկն ենք վճարում, այլ հարկման բազան: Սա մեզ հնարավորություն է տալու ավելի հասցեական օգնություն ցուցաբերել մարդկանց, եթե դրա կարիքն ունեն: Ոչ թե այս դեպքում, որ երբ մարդն ինչքան մեծ գույք է ձեռք բերում, ստացվում է, որ պետությունն ավելի շատ գումար է նրան վերադարձնում»,- ասաց Թունյանը: Նա նաև տեղեկացրեց, որ մինչև տարեվերջ կներկայացնեն եկամուտների համատարած հայտարարագրման նախաձեռնությունը, այլն լայն քննարկման կդրվի: Մանրամասները՝ տեսանյութում:

Lragir.am,
22-10-2019 17:47