Ռոմանոս Պետրոսյանը դիմել է դատարան Քասախի ավագանու անդամների լիազորությունները դադարեցնելու համար

22-10-2019 18:09

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ 2019 թ. հոկտեմբերի 7-ին «Քասախ համայնքի ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին» արձանագրությունը անվավեր ճանաչելու համար: Այս մասին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում գրել է ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: «ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարի սույն թվականի հոկտեմբերի 9-ի N767 գրությամբ ՀՀ Կոտայքի մարզպետարան է ներկայացվել ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ավագանու 2019թ․ հոկտեմբերի 7-ի «Քասախ համայնքի ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին/ավագանու հերթական նիստ/» N10 արձանագրությունը, որով արձանագրվել է ավագանու թվով 6 անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու փաստը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշման նախագիծը կազմվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի խախտմամբ: Հոկտեմբերի 11-ի N01/08․1/07058-2019 գրությամբ Քասախ համայնքի ղեկավարին առաջարկել եմ անդրադառնալ ավագանու հոկտեմբերի 7-ի թիվ 7 հերթական նիստի սահմանված կարգով հրավիրելուն և գումարելուն: Համայնքի ղեկավարը չի ընդունել առաջարկը և հոկտեմբերի 11-ի N780 գրությամբ այդ մասին հայտնել է Կոտայքի մարզպետարան: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2019 թ. հոկտեմբերի 7-ին «Քասախ համայնքի ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին/ արձանագրությունը հակասում է ՀՀ գործող օրենսդրությանը, 2019թ հոկտեմբերի 22-ին վերը նշված արձանագրությունը անվավեր ճանաչելու համար՝ հայցադիմում եմ ներկայացրել ՀՀ վարչական դատարան»,- նշված է հայտարարության մեջ:

Lragir.am,
22-10-2019 18:09