Լորան Վոկիեն խոստանում է 600 հազար եվրոյով աջակցել նոր UFAR20+ կամպուսի կառուցումը

22-10-2019 18:47

Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի նախագահը հայտարարում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի նոր կամպուսի նախագծին 600 000 եվրոյով աջակցելու մտադրության մասին: Կամպուսի կառուցմանն ուղղված դրամահավաքը վերջերս իրենց բարձր հովանու տակ են առել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը: Այս մասին հայտնում են Հայաստանում ֆրանսիական համալսարանից: Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի պատվիրակությունը նախագահ Լորան Վոկիեի գլխավորությամբ հանդիպեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտներին և ուսանողներին վերոնշյալ շրջանի և Հայաստանի միջև կրթական ոլորտում համագործակցությանը նվիրված քննարկման շրջանակում:  Համալսարանի ապագա կամպուսի հարևանությամբ՝ԹՈՒՄՈ կենտրոնում կազմակերպված այս հանդիպումն իր ներկայությամբ պատվեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը: Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահ Ժակ Կոմբին հիշեցրեց 2 համալսարանների միջև գոյություն ունեցող 20-ամյա համագործակցության մասին:ՀՖՀՀ-ի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը ներկայացրեց համալսարանի նոր UFAR20+ կամպուսի նախագիծը, որը գտնվելու է ԹՈՒՄՈ-ԵՄ Ինժեներական և կիրառական գիտությունների կենտրոնի հարևանությամբ․ «Այս նախագիծը կօգնի կերտել համալսարանի նոր դեմքը, այն կարելի է բնութագրել երեք երևույթով՝ կարծրատիպերի կոտրում, ինտելեկտուալ երիտասարդության կրթում և ֆրանկոֆոնիա»: Եռակողմ հայտարարություն ստորագրվեց ՀՖՀՀ-ի, Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարանի և  Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի միջև: Համաձայնագիրը ենթադրում է շրջանի աջակցությունը ՀՖՀՀ-ի զարգացմանը և նոր կամպուսի նախագծին, որը թույլ կտա համալսարանին դառնալ ֆրանկոֆոն միջազգային բարձրագույն կրթական և հետազոտական հաստատություն: Նախագահ Լորան Վոկիեն հայտարարեցՀայաստանում ֆրանսիական համալսարանի նոր կամպուսի կառուցմանը600 000 եվրոյով աջակցելու մտադրության մասին: «ՀՖՀՀ-ի և ԹՈՒՄՈ-ի համագործակցության նախագիծը մոտիվացնող նախագիծ է, որը թույլ կտա համալսարանին դառնալ ավելի դինամիկ: Ես այսօր ուրախ եմ շուրջս տեսնել այս համալսարանի տված կրթության արդյունքը՝ ֆրանկոֆոն ուսանողներին և շրջանավարտներին »: Հիշեցնենք, որ կամպուսի կառուցման համար 2019թ․ փետրվարին մեկնարկել է միջազգային դրամահավաք (don-ufar.com), որն իրականացվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի բարձր հովանավորությամբ:

Lragir.am,
22-10-2019 18:47