Արման Բաբաջանյանը խիստ կարևորում է հոկտեմբերի 27-ի դեպքերի իրական ու ամբողջական բացահայտումը

22-10-2019 19:19

ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը 1991-ի հոկտեմբերի 27-ի դեպքերի բացահայտման համար կարևորում է թե Ազգային ժողովի, թե նոր իշխանության կողմից համապատասխան պայմանների ապահովումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաբաջանյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ հայտարարությունների ժամին: «Հոկտեմբերի 27-ի հետևանքները չենք հաղթահարվել մինչև օրս, քանի որ այդ օրվա ոճրագործությունը մեր պետության վրա թողել է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական լրջագույն ազդեցություններ: Դրանք չեն հաղթահարվել, քանի որ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն իրականում չի բացահայտվել: Մենք որպես նոր Հայաստանի ԱԺ-ի պատգամավորներ, որպես նոր Հայաստանի օրենսդիր իշխանություն, քաղաքական ու բարոյական պարտք ունենք հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակի առաջ: Մենք պետք է կարողանանք երկրի զարգացման ընթացքը վերադարձնել այն հանգրվանին, որում այն կանգ է առել հոկտեմբերի 27-ի դավադիր կրակոցներով: Մենք պարտք ու պատասխանատվություն ունենք ապահովել պայմաններ՝ հոկտեմբերի 27-ի իրական ու ամբողջական բացահայտման համար»,-ասաց Բաբաջանյանը: Նրա կարծիքով՝ ցավոք այդ խնդիրն անգամ ձևակերպված չէ Հայաստանի քաղաքական օրակարգում: Բաբաջանյանի համոզմամբ՝ Հայաստանի նոր իշխանությունը պարտավոր է ցուցաբերել համապատասխան ու համարժեք քաղաքական կամք ու հանձնառություն՝ ձեռնամուխ լինելու հոկտեմբերի 27-ի իրական ու ամբողջական բացահայտմանը: Նա նշեց՝ միայն այդ դեպքում հնարավոր կլինի մտածել Հայաստանի զարգացման ու առաջընթացի մասին:

Lragir.am,
22-10-2019 19:19